Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» համաժողովին, որի ընթացքում ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ:
«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության, չնայած մեզ հասցրած ավերներին, մեր տարածքների 30 տարվա գրավմանը: Մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարևաններ ենք և պետք է սովորենք ապրել կողք կողքի»,- ասել է Ալիևը:
Այդ համաժողովում նա հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ցանկանում է ընդարձակել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
«Ռուսաստանի հետ մենք ունենք շատ բազմազան հարաբերություններ, քանի որ հարևաններ ենք և կիսում ենք երկկողմ հարուստ պատմություն: Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն այդքան բազմազան չեն, մենք առավել համագործակցում ենք Աֆղանստանում և Իրաքում խաղաղապահ առաքելություններում: Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ավարտն ընձեռում է մեր հարաբերությունները զարգացնելու հնարավորություն, քանի որ կոնֆլիկտն արգելափակում էր համագործակցության որոշ ուղղությունները», - նշել է Ալիևը: