Մատչելիության հղումներ

Կառավարությունը, Թաթոյանի պնդմամբ, պետք է հրապարակի Հայաստանի սահմանազատման փաստաթղթի նախագիծը


Կառավարությունը պետք է հրապարակի Հայաստանի սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, խոսեց նաև համացանցում հաճախ հայտնվող աշխատանքային թղթերից՝ ոչ պաշտոնական խողովակներով տարածվող՝ մտահոգություն հայտնելով, որ դրանք կարող են ստացված լինել Ադրբեջանից։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին և եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ինքն այդ թուղթը կստորագրի։

Պաշտպանը հայտարարում է՝ փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ, ըստ Թաթոյանի, պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ:

«Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ», - իր հայտարարությունում նշել է մարդու իրավունքների պաշտպանը:

XS
SM
MD
LG