Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը», - ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Հայկական կողմը հաղորդում է նաև, որ զրուցակիցները «միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ»:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրավիճակի կարգավորմանը և կշարունակի գործել նույն ոգով:
Այսօր ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծումը պետք է իրականացվի դիվանագիտական մեթոդներով», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։