Վերջին զանգին նախապատրաստվող շրջանավարտները սպասում են բուհերի ընդունելության քննություններին, որոնք սարերի հետևում չեն․ կմեկնարկեն 3 շաբաթից։
Առաջին փուլով ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 հազար 487 դիմորդ, որոնց ոչ փոքր հատվածի մասնագիտական կողմնորոշումը զարմացրել է քննությունները կազմակերպող Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) աշխատակիցներին։
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝ պահանջված մասնագիտությունների առաջին հնգյակում առաջին անգամ հայտնվել է սպասարկում մասնագիտությունը. - «Առաջին անգամ սերվիս մասնագիտությունից այդքան մենք դիմորդ ունենք, ինձ համար անակնկալ էր»։
Այդուհանդերձ, ըստ ԳԹԿ փոխտնօրենի, դիմորդների նախասիրությունը էապես չի փոխվել․ ամենամեծ թվով դիմորդներ կպայքարեն Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվելու համար, երկրորդ տեղում Բժշկական համալսարանի՝ բուժական գործ մասնագիտությամբ դիմածներն են, երրորդում՝ ԵՊՀ իրավագիտությունն է, ապա Տնտեսագիտական համալսարանի ֆինանսերը, լավագույն հնգյակը եզրափակում է Բրյուսովի անվան համալսարանի սերվիս մասնագիտությունը։
Այս տարի փոխվել է բուհեր ընդունվելու կարգը, եթե նախկինում դիմորդները կարող էին մինչև10 նախընտրած մասնագիտություն նշել և նվազման կարգով ընդունվել այն ֆակուլտետ, որի համար միավորները կբավարարեին, ապա այժմ նշվում է մեկ բուհի ընդամենը մեկ մասնագիտություն ու այդ մասնագիտության համար սահմանված առարկաները։
«Եթե այդ մասնագիտությամբ ինքը չի ներգրավվել այս կամ այն բուհում այս կամ այն մասնագիտությամբ, ապա ինքը հնարավորություն ունի իր դրական ստացած միավորներով, եթե առարկաները համընկնում են, գրել նաև 6 բուհի, կամ մեկ բուհի 6 մասնագիտություններ և մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին», - ասաց Նասիբյանը։
Ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին և կավարտվեն հունիսի 25-ին։