Մատչելիության հղումներ

Բարձր գնահատականներով ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքել


Ընդունելության քննություններում բարձր գնահատականներ ստացած ու այդպես էլ որևէ ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքել: Այս տարի 739 դիմորդ անցողիկ շեմը հաղթահարել՝ ու ԲՈւՀ չի ընդունվել, նրանց մեջ նաև 17-18-19 միավոր հավաքածներ են:

Օրինակ, 12 տարվա գերազանցիկ Էվելինան 18,5 է ստացել ու ուսանող չի դարձել. – «Առաջին հայտով դիմել եմ Երևան պետական համալսարանի իրավագիտություն, երկրորդ հայտով` միջազգային, բայց ոչ մի տեղ չեմ անցել»:

Այս տարօրինակ իրավիճակը ընդունելության կարգի փոփոխության հետևանք է: Այս տարի առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտնի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ: Մյուս տողերը հաշվի են առնվում՝ եթե թափուր տեղեր կան։

Այսօր խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ քննարկման էին հրավիրել կրթական գերատեսչության, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելու բարձր միավորներով դուրս մնացած դիմորդների հարցը:

«Մի շարք առաջարկներ ենք ներկայացրել», - ասաց «Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանը: - «Տեղերի ավելացումը մեր առաջնահերթ առաջարկն ու պահանջն է եղել, սակայն նախարարությունը և ԳԹԿ-ի ներկայացուցիչները պատասխանեցին, որ դա բացարձակ հնարավոր չի այս պարագայում»:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը քննարկման ավարտից հետո որոշակի ոչինչ չասաց. - «Առաջարկների արդյունքում կներկայացնենք նախարարություն, կքննարկեն: Դրա արդյունքում կորոշվի»:

«Ազատության» հարցին, թե երբ պարզ կդառնա տեղեր կավելացվեն, թե ոչ, Սուքիասյանն արձագանքեց. – «Այսօր, երբ որ կավարտվի հայտերի ամփոփումը, վաղը, մյուս օրը կտեղեկացնեն: Եթե էդպիսի հարց լինի»:

Նա դիմորդներին հորդորում է չհրաժարվել նախընտրելի մասնագիտությամբ հեռակա սովորելու հնարավորությունից: Հույս է տալիս, որ լավ առաջադիմության դեպքում կարող են առկա ուսուցման անցնել:

Սուքիասյանը նաև հազարավոր թափուր տեղերի մասին է հիշեցնում: Դրանց հայտերի լրացման վերջանաժամկետն այսօր 18.00-ն էր. – «Խնդիրը կայանում է նրանում, որ դիմորդը ինքը պետք է ցանկանա»:

Իսկ դիմորդները չեն ցանկանում: Նրանք պահանջում են տեղերի ավելացում իրենց նախընտրած մասնագիտություններով:

Իսկ թափուր տեղերը շատ են: «Դուրս մնացածները 739-նն են, թափուր տեղերը` 11 հազար», - ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը. – «Ագրարային համալսարան, պոլիտեխնիկ... Նույնիսկ Ագրարայինում տնտեսագիտական մասնագիտություններով շատ ու շատ ավելի, նույնիսկ էդ դիմորդների թվից շատ»:

Բայց, օրինակ, անգլերեն մասնագիտությամբ թափուր տեղ չկա:

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանը գործադիրի իրականացրած ընդունելության կարգի փոփոխությունը, որի հետևանքնով առաջացել է այս խառնաշփոթը, համարում է լավ տարբերակ, բայց` եթե շրջանավարտները իրազեկվեին և մինչև քննությունները մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ գիտելիք ստանային. – «Դպրոցներում որևէ կերպ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, պատրաստումներ չի անցել: Եվ էսպես բերել ու միանգամից որոշել, որ պետք է, այ, մի լավ մոդել կա, դնել և այսպիսի իրավիճակ ստեղծել... նաև դնելուց առաջ պետք է հասկանային, որ այսօրվա օրը պետք է լինի»:

Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղից Բաղրամյան 19 հասած Հռիփսիմեն 16,75 բալով դուսր է մնացել երազած բուժֆակից, վստահ է պնդում ՝ չի նահանջելու. – «Մանկուց էդտեղ եմ ուզել սովորել: Մեր գյուղում բարձր եմ ստացել շատերից: Բոլորը իրենց ուզած տեղն ընդունվել են, բացի ինձանից»:

XS
SM
MD
LG