Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության մեջ փոփոխություններ չկան, հաղորդում է ՊՆ-ը


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները կանխում են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը, նշված է հաղորդագրությունում։

Թե՛ Սյունիքի և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից, վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը, մայիսի 19-ին», - հիշեցնում է Պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ Զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում: Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ նախորդ օրերի բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր, այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

XS
SM
MD
LG