Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը նախորդ օրվա համեմատ էական փոփոխություններ չի կրել, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ նույն աղբյուրի` երեկվա բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարն այսօր քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները։
«Պաշտպանության նախարարությունը վերստին հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, և անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի», - նշված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում»:
Մայիսի 12-ին հայկական կողմից պաշտոնապես հայտարարվեց երեք՝ Սև լճի, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով ադրբեջանական զինուժի ներխուժման և փաստացի դիրքավորման մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր չեն վերսկսվել, դրանք կշարունակվեն 2 օրից` մայիսի 19-ին: