Այսօր Արտգործնախարարությունում տեղի է ունեցել փոխնախարար Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Ապիտոնյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Փոխնախարարն ընդգծել է, որ այդ սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անցկացվում են առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։
Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, և այդ համատեքստում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը: «Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության», - ավելացրել է ԱԳ նախարարի տեղակալը։
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում էլ հանդիպում է անցկացվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ:
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է մայիսի 12-ից սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը:
Նշվել է, որ չնայած ըստ ձեռք բերված պայմանավորվածության ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, փաստացի խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ, և Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ:
Նշվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։