Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարում է՝ «այս քրեական գործում ընդհանրապես հանցագործության դեպք չկա»


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստում նրա փաստաբանները միջնորդեցին ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնել, ինչպես նաև տրամադրել քրեական գործի անջատված մասի նյութերը։

«Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է նաև արդարացնող ապացույցներ հավաքել և այդ ապացույցները այնպես չէ, որ տուն տանելու համար են: Դրանք պետք է կարվեն քրեական գործերի նյութերին, իսկ նյութերում այդ ապացույցները չկան, գոյություն չունեն: Դրա համար մենք միջնորդել ենք, որպեսզի դատարանը պահանջի վարույթն իրականացնող մարմնից, և ամբողջությամբ գործը գա դատարան, որ հասկանալի լինի, թե քրեական գործի ինչ ապացույցներ կամ ինչ փաստաթղթեր են թաքցվել վարույթն իրականացնող մարմնի կողմից: Մի օրինակ նշեմ՝ կան օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ, դրանց պատասխանները գործում առկա չեն, մեզ համար հասկանալի չէ, թե պատասխաններում ինչ է գրված», - ասաց փաստաբանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ Հայաստանի երրորդ նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Նախկին նախագահի փաստաբաններն այս գործը որակում են քաղաքական հետապնդում, իսկ ինքը՝ Սարգսյանը «անհեթեթություն» ու «կարված գործ»։ Սերժ Սարգսյանն այսօր ներկա էր դատականի նիստին, ելույթ, սակայն, չունեցավ։

Փաստաբան Ամրամ Մակինյանը անդրադառնալով խափանման միջոցը փոխելու միջնորդությանն ասաց՝ թաքնվելու ռիսկ չկա, օրինակ բերեց՝ այս ընթացքում Սերժ Սարգսյանը դատարանի թույլտվությամբ մեկնել է երկրից ու վերադարձել։

Մեղադրող կողմը առարկեց, նշելով՝ միջնորդությունը հիմնավորված չէ, ըստ մեղադրող դատախազի, խափանման միջոցի հիմքեր կան. «Սերժ Սարգսյանը տևական ժամանակ բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել, եղել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը, հետևաբար, իր ունեցած դիրքը և կապերը, հնարավորությունները ռեալ են դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու առումով: Հետևաբար այս առումով, հարգելի դատարան, կարծում եմ, որ այդ հիմքերը չեն վերացել»:

Ամրամ Մակինյանը հակադարձում է. «Վկաների մասով ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ այս գործով կա մեկ մեղադրող ցուցմունք, որ տվել է Սերգո Կարապետյանը, բոլորին էլ հայտնի է, որ Սերգո Կարապետյանը մահացել է: Ի՞նչ մենք հիմնավորեցինք դատարանում, որ եթե նախկինում կարող էին թեկուզ վերացական մտահոգություններ լինել, որ կարող է խոչընդոտվել, դատավարության մասնակցի վրա անօրինական ազդեցություն և այլն, հիմա այդ հանգամանքը վերացել է, չկա այդպիսի ռիսկ, որովհետև անձը մահացել է»:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանից բացի, այս գործով ևս 4 մեղադրյալ է անցնում։ Երկուսը՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և նախկին գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով։ Սերժ Սարգսյանի փաստաբանին ուղղված հարցին՝ արդյոք կբացահայտե՞ն, թե Սերգո Կարապետյանը ինչ ցուցմունք է տվել Սարգսյանի դեմ, Մակինյանն արձագանքեց՝ հանգուցյալ գյուղնախարարը մի քանի անգամ է ցուցմունք տվել, որոնք էապես հակասել են միմյանց, չմանրամասնելով, ասաց միայն՝ առաջիկայում փաստաբանական կողմը որոշ բացահայտումներ կանի։

«Փաստեր կան, թե ինչ իրադարձություններ են նախորդել, որ մարդը տանը նստած, նստել-նստել, վեր է կացել, դիմում է գրել ու գնացել է այլ ցուցմունք տալու: Այս քրեական գործում ընդհանրապես հանցագործության դեպք չկա, ուր մնաց որևէ անձի արարքում հանցակազմ լինի», - ընդգծեց Մակինյանը:

XS
SM
MD
LG