Մատչելիության հղումներ

Փաստաբանը Սերժ Սարգսյանի դեմ նոր քրգործի հարուցումն ուղղորդված գործընթաց է համարում


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործի հարուցումն ուղղորդված գործընթաց է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախկին նախագահի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարին «Արմնյուզ»-ի եթերում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ։

Անհեթեթություն է, որ այդ հարցազրույցը կարող է Սերժ Սարգսյան դեմ քրեադատավարական գործընթացի սկիզբ դառնալ, ասում է Սարգսյանի շահերի պաշտպանը։

«Ամբողջ գործընթացը գնահատում եմ որպես անհեթեթություն։ Պարոն նախագահն առնվազն 20 տարի և ավել պետական գաղտնիքի հետ առնչվելու փորձ ունի և պարոն նախագահը շատ լավ գիտի` որն է տեղեկատվությունը, և որը՝ պետական գաղտնիքը։ Մի հռետորական հարց էլ ես բարձրացնեմ՝ երկու ամիս առաջ տված հարցազրույցի մասին նոր հիշեցի՞ն և տեղին չ1՞, որ դատախազությունը հիշի իմ երկրորդ հաղորդման մասին, որը ես ներկայացրել եմ նախաքննությանը, ընդհանրապես Քննչական կոմիտեի աշխատանքներին միջամտելու դեպքի առթիվ: Երկրորդ հաղորդում եմ ներկայացրել, ձայնագրությունները կան, մարդիկ կան, դատախազությունն էդ մասին ի՞նչ է մտածում», - ասաց Ամրամ Մակինյանը։

Հարցին, թե կարծում է այս նյութերին նախապատրաստվելը ինչ-որ ուղղորդվա՞ծ գործընթաց է, Մակինյանը պատասխանեց․ - «Ես համոզված եմ, որ ուղղորդված է, որովհետև երկու ամիս առաջ է հարցազրույցը գնացել եթեր, և այդ հարցազրույցը ես ամբողջությամբ դիտել եմ և որևէ խնդիր ես այդտեղ չեմ տեսնում»։

Սերժ Սարգսյանի կողից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելուհամար: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, գործող իշխանությանը պատերազմի ընթացքում ու դրանից առաջ կատարած թալանի համար էր մեղադրել։ Նա իր խոսքերը որոշել էր նաև կոնկրետ փաստով ապացուցել՝ ասելով, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով՝ Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։

Սերժ Սարգսյանը նաև ասել էր, թե իր օրոք ժամանակակից զինատեսակներ գնելու ծրագիր է հաստատվել՝ ֆինանսական հստակ աղբյուրներով։ Այդ ծրագրով նախատեսված էր մինչև 2024 թվականը 2 հազար 500 անօդաչու թռչող սարք ձեռք բերել, ինչպես նաև 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքեր՝ մինչև 2020-ը, նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն Փաշինյանի կառավարությունը այդ ծրագիրը փոխել է։

«Հայկական պաշտոնյա է բնավորությունից, որ «ես եկել եմ, ինչ-որ բան պիտի փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում», փոխեցին էդ ամբողջ ծրագիրը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Պաշտպանության նախարարությունից «Ազատության» հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի հրապարակած տեղեկութունները պետական գաղտնիք պարունակում են, խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել։

XS
SM
MD
LG