Մատչելիության հղումներ

Պարգևավճարներ վարչապետի աշխատակազմում, չարաշահումներ սոցապ նախարարությունում․ Հաշվեքննիչ պալատը զեկույց է հրապարակել


Հայաստանի վարչապետի աշխատակազմում 2020-ի ընթացքում որոշ աշխատակիցներ ստացել են իրենց աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարներ։ Այս մասին հայտնի է դառնում պետական մարմիններում աուդիտ իրականացնող Հաշվեքննիչ պալատի ներկայացրած՝ վարչապետի աշխատակազմի 2020-ի 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցից։ Թե քանիսի դեպքում է պարգևավճարը գերազանցել աշխատավարձի չափը, չի հստակեցվում։

Զեկույցում նշված է, որ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ, որի շուրջ կեսը որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ։

Ընդ որում, զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, պարգևատրվողների ամենափոքր թիվը եղել է հոկտեմբերին, պատերազմի մեկնարկին հաջորդող ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ պարգևատրվողների ամենամեծ թիվը եղել է հենց սեպտեմբերին՝ պարգևատրվել է 504 աշխատակից, բայց փոքր է եղել պարգևատրման չափը՝ ընդհանուր 56 միլիոն դրամ, մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել և պարգևատրվողների թիվը, և պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից՝ ստացել է մոտ 235 միլիոն դրամ։

Զեկույցում նշված է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կետին, ըստ որի, այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։

Վարչապետի աշխատակազմում, սակայն, այս դիտարկման հետ չեն համաձայնել` բացատրելով, որ վարչապետի հիշյալ որոշման մեջ հղում է արվում օրենքի մեկ այլ կետի. աշխատավարձը գերազանցող պարգևավճարը տրվել է ոչ թե «հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի» համար, այլ «բարեխիղճ աշխատանքի» համար, իսկ այդ պարգևատրման չափը սահմանափակված չէ։

Այս իշխանությունների հասցեին մեկ անգամ չէ, որ քննադատություններ են հնչել խոշոր պարգևավճարներ բաժանելու համար, ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ քննադատություններին, այս պրակտիկան պատմական է համարել, նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ նախարարն ու մարզպետը թալանով չեն զբաղվում և պարգևավճարի կարիք ունեն։ Նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է ու կարևոր է թե ինչպես է գործատուն վերաբերում ծառային՝ ընդգծել է վարչապետը։

Հաշվեքննիչ պալատը հրապարակել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում արված ուսումնասիրության արդյունքները, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել։ Դրանք ներառված են մոտ 300 էջից կազմված զեկույցում։

Բացահայտված խախտումները տարատեսակ են՝ օրինակ, քաղաքացին մահից 2 օր հետո պրոթեզավորվել է և դիմում գրել, պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել անձանց համար, ովքեր երկրում չեն, սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավելի են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում, 16 միլիոն դրամից ավել գերածախս են տվել անօթևանների համար նախատեսված ծրագրով, նաև կադաստրում խախտումներով անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարվել տուն-ինտերնատի բնակիչների անունով։

Այս ուսումնասիրությունն իրականացվել է 2019-ի հունվարի 1-ից մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ երբ նախարարի պաշտոնում Զարուհի Բաթոյանն էր։ «Ազատության» հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքը այդ չարաշահումներից տեղյակ չի եղել։

«Նախարարությունը մեծ կառույց է, տարբեր ՊՈԱԿ-ներ ունի, տարբեր խնդիրներ կան և, իհարկե, իմ հովանավորչության կամ իմ իմացության մասին խոսք գնալ չի կարող, ես տեղյակ չեմ եղել, որովհետև եթե ընթացքում մենք խախտում ենք նկատել, կամ կասկած ենք ունեցել որևէ քաղաքացու դիմումի հիման վրա, մենք միանգամից դիմել ենք իրավապահ մարմիններին», - ասաց Բաթոյանը։

Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն, դրանք Գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում են՝ ուսումնասիրման փուլում են՝ «Ազատության»-ը տեղեկացրեցին դատախազությունից։ Փաստերը ծավալուն են և ուսումնասիրության ավարտի ժամկետներ նշել չկարողացան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեկնաբանություն չտվեցին՝ առաջարկելով սպասել դատախազության ուսումնասիրության արդյունքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG