Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով արդարացվելուց հետո միայն մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահը և նրա փաստաբանները միջնորդեցին այսօր նշանակված դատական նիստը հետաձգել՝ պատճառաբանելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները։
Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ընտրություններին գլխավորում է Հայ հեղափոխական դաշնակցություն և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների՝ «Հայաստան» դաշինքը։
Ամբաստանյալի կարգավիճակ ունեցող պաշտոնաթող նախագահի պաշտպանը դատարանին խնդրեց նիստը հետաձգել մինչև արտահերթ ընտրությունների ավարտը՝ պատճառաբանելով՝ իր պաշտպանյալը մասնակցելու է ընտրություններին, իսկ այս ընթացքում անցկացվող դատական նիստերը կխոչընդոտեն քարոզարշավին։ Արամ Վարդևանյանը վկայակոչեց ընտրապայքարին մասնակիցների հավասար հնարավորությունների մասին միջազգային փաստաթղթերը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում դատարանին կներկայացնեն դաշինքի ձևավորման, նաև դաշինքին Քոչարյանի մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը։
Նախկին նախագահի փաստաբանը, պարզաբանելով իրենց առաջարկը, ընդգծեց՝ ընտրարշավին մասնակիցները պետք է հավասար պայմաններ ունենան. «Պատգամավորի թեկնածուն պետք է ունենա բոլոր հնարավորությունները, ինչպես այլ պատգամավորի թեկնածուները` մասնակցելու ընտրություններին: Տվյալ դեպքում, հարգելի՛ դատարան, մենք գործ ունենք մի վարույթի հետ, որտեղ չկան տուժողներ, որի պայմաններում, հարգելի՛ դատարան, հանրային շահը յուրաքանչյուր անձի, այդ թվում` սույն գործով մասնակից անձի՝ ընտրություններին լիարժեք մասնակցելու ավելի գերակա է։ Դրանից ելնելով ես խնդրեի, որ այն նշանակվեր հունիսի 20-ից հետո այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում, հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն, նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը ավարտվելու է հունիսի 20-ին»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն, առարկեց՝ շեշտեց՝ արդարադատության շահը չի կարող պայմանավորվել որևէ գործընթացով. «Մարդիկ ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունք ունեն: Այդ անձինք կարող են լինել և՛ կալանավորված, և՛ ձերբակալված, և՛ ազատության մեջ, և դրանով պայմանավորված չի կարող զուգահեռ անցկացվել, որ բոլոր անձինք պետք է հավասար պայմաններ ունենան ազատ ընտրական գործընթացներին մասնակցելու համար: Ցանկացած անձ քանի դեռ դատարանի դատավճռով ազատազրկման դատապարտված չէ, վերջինս ունի սահմանադրական իրավունք ընտրելու և ընտրվելու, հետևաբար դա չի կարող պատճառ հանդիսանալ դատարանին ներկայացնելու միջնորդություն, որ երկրում համապետական ընտրություններով պայմանավորված` պետք է առհասարակ դատական քննություն տեղի չունենա, և դա պայմանավորել անձանց ընտրական իրավունքի հավասարությամբ»:
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. «Դատարանն արձանագրում է, որ Արամ Վարդևանյանի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր պատճառաբերություն առ այն, որ դատական նիստն ավելի երկար ժամանակով հետաձգելու անհրաժեշտություն, մասնավորապես, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելը կբացառի դատական նիստերի բնականոն ընթացքը»:
Դատավորն այսօրվա նիստը հետաձգեց մյուս ամբաստանյալ Արմեն Գևորգյանի բացակայության պատճառով` Գևորգյանը առողջական խնդիրներ ունի և չի կարող մասնակցել դատական նիստերին։ Հաջորդ դատական նիստը մայիսի 25-ին է։