Մատչելիության հղումներ

Քրեական հետապնդումը պետք է ընթանա բացառապես իրավական պրոցեսով. գլխավոր դատախազ


Գլխավոր դատախազն այսօր ավարտեց Ազգային Ժողովում իր ղեկավարած գերատեսչության տարեկան զեկույցի ներկայացումը։ Դատախազության աշխատանքը իր ելույթում քննադատեց ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը մատնանշեց դատարանում 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների տապալված գործը և ընդգծեց՝ այստեղ թիվ մեկ մեղավորը, սակայն, իշխող ուժն է, հետո նոր միայն դատախազությունը։

«Ապացույցները կան, բայց հոդվածը չկա, և ըստ էության մարդը, ով սկսել էր ժողովրդի ջարդը իր բնորոշմամբ թատերական հրապարակում, որոշել է վերադառնալ այդ հրապարակ, և ձեր թողտվությամբ, ձեր կամքի բացակայությամբ մարդը քաղաքական հայտ է ներկայացնում: Այս ամենի պատճառը Մարտի 1-ի գորխով քննության արդյունքների ոչ ճիշտ գնահատումն է և դատարան ուղարկված մեղադրանքի ոչ ամբողջական լինելու փաստը», - հայտարարեց պատգամավորը:

Բաբաջանյանը հիշեցրեց իշխանությունների նախընտրական խոստումները՝ քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության, թալանչիներին պատժելու մասին։ Ասաց՝ երեք տարի անց զրո արդյունք կա։ Հերթով թվարկեց այս ընթացքում սկսված և դեռ դատական ակտ չդարձած քրեական հետապնդումները. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, մի դրվագով արդեն արդարացվել է, Սերժ Սարգսյան, նշված գործով մեղադրյալներից երկուսը հասցրել են մահանալ, իսկ գործը տեղից չի շարժվում, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, փոխվարչապետ Արմեն Գևորգյան»:

Այս ցանկը Բաբաջանյանը դեռ երկար շարունակեց։ Արդեն եզրափակիչ ելույթում պատասխանելով պատգամավորին, դատախազն ասաց, քաղաքական բանավեճի մեջ չի մտնի բայց և հարց հնչեցրեց նրա հրապարակած ցուցակի մասին։

«Երբևե որևէ ժամանակ կամ որևէ երկրում ինքը տեսե՞լ է այդպիսի արդյունքներ, ինքը տեսե՞լ է այսպիսի պատկառելի ցանկ քրեական հետապնդման ենթարկված անձանց, բա ո՞նց եք պատկերացնում, դա հենց այնպես եղավ օդից, բա չեն ուզո՞ւմ հասկանանք, որ այդ ամեն ինչը ամենօրյան հետևողական, արյուն-քրտինք աշխատանքի արդյունք է: Միևնույն ժամանակ պետք է պատկերացնել, որ գործընթացները իրավական են, և սա շար կարևոր է հասկանալ, որ անկախ դրանից հանրային ակնկալիքներ, հանրային պահանջներ կամ քաղաքական գործընթացներ կամ չգիտեմ իշխանության առաջնահերթություններ, երբ խոսքը վերաբերում է քրեական հետապնդումներին, այստեղ միանշանակ բոլորին պետք է պարզ լինի՝ գործընթացները պետք է ընթանան բացառապես իրավական պրոցեսներով», - հայտարարեց Դավթյանը:

Նիստի ավարտին գլխավոր դատախազը պատասխանեց նաև լրագրողների հարցերին ու հայտարարեց՝ ինքը քաղաքական որոշումների հետ որևէ առնչություն չունի։ Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե վարչապետը «դժգոհ է Ձեզանից և Ձեր պաշտոնանկության մասին է մտածում», արձագանքեց. «Ինձ հայտնի չէ այդպիսի բան, եթե ձեզ հայտնի է, քննարկեք ով որ քննարկում է, ինձ այդպիսի բաները չեն հետաքրքրում»:

Իսկ իշխանության գալու առաջին օրվանից նախկինների թալանածը հետ վերադարձնելու իշխանականների խոստման հետ, դատախազն ասում է, ինքը կապ չունի, բայց պետության պատճառված վնասի վերադարձ այս տարիների ընթացքում եղել է։ Օրինակ՝ 2020 թվականին հաջողվել է վերադարձնել 14 միլիարդը գերազանցող գումար։ Կոնկրետ գործեր դատախազը սակայն խուսափեց նշել. «Դա ձեզ կարող է հետաքրքրել, բայց մեզ հետաքրքրում է մեր ընդհանուր աշխատանքը, մենք տարբերություն չենք դնում ոչ մի դեպքի մեջ՝ մեծ, փոքր, բոլորով էլ պարտավոր ենք մեր անելիքն իրականացնել»:

Դատախազը անդրադարձավ նաև պատերազմի ընթացքում հարուցված քրեական գործերին, ասաց՝ դրանց թիվը 1650 է։ Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ էլ արդեն ուղարկվել է դատարան: Ճիշտ չհամարեց այս փուլում մանրամասներ հրապարակել գործերից ինչպես նաև, թե դրանք ինչ ազդեցություն են ունեցել պատերազմի ելքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG