Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերահաստատում է՝ եթե նախկին իշխանությունները շատ ակտիվանան, դա կլինի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։
Այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, Մարուքյանը պնդեց՝ եթե նախկին իշխանություններն օրակարգ ունեն երկրում իշխանափոխության, ուրեմն պետք է դուրս գան պրոցեսից։
«Այն, ինչ ասել եմ ուժի մեջ է, եթե նախկին իշխանություններն օրակարգ ունեն երկրում իշխանափոխության, ուրեմն պետք է իրենք դուրս գան պրոցեսից։ Հեղափոխությունը նոր է եղել երկրում, երեք տարին երկար ժամանակ չէ, և ժողովուրդը, տեսնելով նրանց ակտիվ մասնակցությունը, որը նաև ինչ-որ ձևի ուռճացվում է, դա նաև իշխանությունն է անում, որովհետև իշխանությանը ձեռնտու է, որ ասի՝ «այ, նրանք գալիս են, եկեք մեզ ընտրեք» և ես ասել եմ, որ եթե իրենք շատ ակտիվանան, նման ձևով սրեն, էդ իմաստով, այո՛, աջակցություն է Նիկոլ Փաշինյանին», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Հիմա սա մի փուլ է, որ մենք եկել ենք ասում են՝ ժողովուրդ, էս տեսել եք՝ ինչ են արել, էս էլ տեսաք՝ ինչ արեցին, դուք ունեք այլընտրանք, կա այլընտրանք, քվեարկի՛ր՝ «Լուսավոր Հայաստան»։
Հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սպասվող ընտրապայքարում վարչապետ Նիկոլ Փաշինյանն և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անելիք չունեն։
Պատգամավորի համոզմամբ՝ նախկինների բևեռը սնում և ուռճացնում է ձախողված իշխանությունը, որ Փաշինյանը մատնացույց անելով անցյալը՝ կարողանա ձայներ կորզել։