Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Հայրենիքը» դեռ չեն որոշել, թե ովքեր են գլխավորելու ընտրական ցուցակը: ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի խոսքով` երբ որոշումը լինի, դաշինքը կբարձրաձայնի:
Հարցին, թե «Հայրենիքի» նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնավարման ժամանակ հայտարարում էր, որ նախկինների վերադարձին կողմ չէ, ի վերջո ի՞նչը ստիպեց նրան ու ՀՀԿ-ին համագործակցել, առավել ևս դաշինքով հանդես գալ, Շարմազանովը պատասխանեց. «Նախ ֆիքսենք, որ նախկինը Նիկոլն է, և այսօր ես պարոն Վանեցյանի կարծիքները կիսում եմ, նրա թիմում, նայեք, ինչքան նախկիններ կան: Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի գնահատականներին, պարոն Վանեցյանը դրա մասին խոսել է, մենք դրա մասին խոսել ենք: Այսօր մենք գնում ենք ընտրությունների` նպատակ ունենալով պայքարել այս ազգակործան պատուհաս ռեժիմի դեմ` այս կապիտուլյանտների դեմ, և մենք գտնում ենք, որ «Հանրապետական-Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային պահպանողական դաշտում:
Մենք ունենք նաև գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցություններն էլ ազգային արժեքների ջատագով են, արցախյան հարցում հայանպաստ լուծման կողմնակից են` ուժեղ եկեղեցի, ուժեղ կենտրոնացված պետություն, ուժեղ ազգային ավանդական արժեքներ»:
Շարմազանովը հիշեցրեց, որ երկու կուսակցություններն էլ արդեն ընդդիմադիր դաշտում համագործակցության փորձ ունեն:
Ինչ վերաբերում է առաջին նախագահ, Նիկոլ Փաշինյանի անդամակցած նախկին քաղաքական ուժի` ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, թե «փաշինյանական ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման միակ միջոցը երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ», Հանրապետականն ասաց. «Նիկոլն ինչքան է ապիկար, ինչքան է վատ, որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նրանից ձեռքերը լվանում է, ուզում է ասի` ժողովուրդ ջան, ես այս կապիտուլյանտի հետ գործ չունեմ: Մի բան պետք է ֆիքսենք, որ ՀՀ բոլոր նախագահները կտրուկ դեմ են այս ազգակործան վարչակարգին»:
Հիշեցնենք, սակայն, որ երկրորդ և երրորդ նախագահները մերժել են Տեր-Պետրոսյանի հետ համատեղ դաշինքով ընտրություններին մասնակցել: