Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում էր հիմնականում մեկ ուղերձով՝ պաշտոնական Մոսկվան շարունակում է աջակցել տարածաշրջանային ապաշրջափակմանը, որի մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:
Ըստ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի՝ ռուսական կողմն այդ հարցը որոշ չափով կապում է նաև Արցախի կարգավիճակի որոշման հետ. «Լավրովի դիրքորոշումը հստակ էր, որ եթե ճանապարհները բացվեն, ու ինչպես նա նշեց, ժողովուրդները սկսեն զգալ այդ խաղաղության օգուտները, ապա դրանից դա հնարավորություն կտա մեղմել առկա լարված իրավիճակը, և որոշ ժամանակ անց նոր անդրադառնալ քաղաքական խնդիրներին: Նա հստակ նշեց, որ հիմա քաղաքական խնդիրների, իսկ քաղաքական խնդիր ասելով նկատի ուներ, կարծում եմ, Արցախի կարգավիճակի հարցը, որ հիմա դրան անդրադառնալ պետք չէ, որովհետև եթե հիմա դրան անդրադառնանք, դա ուղղակի կխոչընդոտի և կխանգարի ճանապարհների ապաշրջափակմանը»:
Մինչդեռ մոտ ապագայում Արցախի կարգավիճակի որոշման վերաբերյալ բանակցություններ նախաձեռնելու շահագրգռվածություն քաղաքագետը ռուսական կողմից չի տեսնում։ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ ՌԴ-ն նպատակ ունի երկարաժամկետ խաղաղապահ առաքելություն իրականացնել Արցախում: Ասում է՝ դրա մասին է խոսում նաև Փաշինյանի հետ հանդիպմանը Լավրովի կողմից հնչեցրած այն միտքը, թե ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն շփման հստակ գծի որոշման հարցը։
«Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն», - ասել է Լավրովը:
«Այդ բոլոր խոսակցությունները շփման գծի կարգավորման և այլնի մասին թերևս վկայում են, որ ռուսները կփորձեն այստեղ մնալ նաև 2025 թվականի նոյեմբերից հետո, սակայն դա որևէ կերպ չի նշանակում, որ ռուսները պատրաստ են Արցախի անկախությունը ճանաչել կամ որևէ կարգավիճակ տալ, որովհետև նույն Դոնեցկի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, որոնք իրենք հարյուրավոր կիլոմետրերով Ռուսաստանի հետ սահման ունեն, և այստեղ շատ ավելի հեշտ է Ռուսաստանին նրանց հետ աշխատել, սակայն անցել է կոնֆլիկտից արդեն 7 տարի, և Ռուսաստանը չի շտապում` ո՛չ ճանաչում է նրանց անկախությունը, ո՛չ էլ ինչպես Ղրիմը, հանրաքվեի միջոցով միացնում է Ռուսաստանին», - ասում է Բենիամին Պողոսյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից չեն մեկնաբանում Լավրովի հայտարարությունը շփման գծի մասին։ Երեկվա հանդիպումներում հայկական կողմը բարձրացրել էր Արցախի կարգավիճակի հարցը։
Լավրովը վստահություն է հայտնել, որ գերիների վերադարձի հարցը մոտ ժամանակներս հնարավոր կլինի լուծել
ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով վերականգնել խաղաղ գործընթացը: Հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել էր գերիների խնդրին` հայտարարարելով, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին, դրանցով Բաքուն մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը:
Փաշինյանի հետ հանդիպմանը Լավրովը վստահություն էր հայտնել, որ գերիների վերադարձի հարցը մոտ ժամանակներս հնարավոր կլինի լուծել։ Ադրբեջանից մինչ օրս վերադարձվել է 72 հայ գերի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։ Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, պնդում է, որ Ադրբեջանում մնացել հայերը ահաբեկիչներ են, որոնց պատրաստվում են դատել։
ՀՀ-ն վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին. ԱԳՆ
Գերիների վերադարձի անհրաժեշտության մասին նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին հայտարարություն տարածել` կոչ անելով կողմերին ամբողջությամբ և շուտափույթ ավարտել ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակման գործընթացը, հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները: Պաշտոնական Երևանը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանը ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց:
«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն», - նշել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չի տրամադրում, ԱԳՆ խոսնակն ասել է, որ գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը «փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր»:
«Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ», - հավելել է Նաղդալյանը: