Մատչելիության հղումներ

Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների գործով Քննչական է հրավիրվել Մեղրիի համայնքապետը 


Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե վարչապետ Փաշինյանի դեմ երեկվա բողոքի ակցիաների գործով։

Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է երեկ՝ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներից ժամեր անց։ Թե Մեղրիի համայնքապետն ինչի համար և ինչ կարգավիճակով է մի քանի ժամ Քննչական կոմիտեում, Քննչականից մանրամասներ չեն հայտնում։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ չգիտի։ Լրագրողներին ասաց՝ Սյունիքում տեղի ունեցածը առերևույթ խուլիգանություն է. «Ասում եմ` եթե առերևույթ հանցագործության դեպք, ապա միանշանակ է, որ պետք է իրավապահ մարմինները ձեռնարկեն համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցառումները` տվյալ առերևույթ կատարված հանցագործության դեպքւ բացահայատելու և հետագայում կանխարգելելու»:

Քննչական կոմիտեից չեն հայտնում՝ բացի Մխիթար Զաքարյանից էլ ովքեր են հրավիրվել։ Այս պահին Քննչական կոմիտեի մոտ են Մեղրիի համայնքապետի աջակիցները։

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ լրագրողներին ասել է, թե երեկվանից ապօրինի բերման են ենթարկվել, առևանգվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին. «Իմ տվյալներով` 20-ից ավելի մարդ է բեման ենթարկվել և ձերբակալվել. այդ թվում` գրեթե բոլորն ապօրինի` խաբելով մարդկանց, համոզելով կամ առևանգելով տեղ-տեղ, նստացնում են մեքենաները և մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել անգամ մարզից: Փորձում են իրենք վախի մթնոլորտով, ես դա ձեզ ամենայն լրջությամբ եմ ասում, որտեղ կարող են վախեցնել, որտեղ կարող են համոզել, որտեղ կարող են խաբել, այդ մեթոդներով փորձում են ինչ-որ այնտեղ իրավիճակ փոխել»:

Փոխոստիկանապետ Ֆիդանյանը հերքում է։ Նրա տվյալներով՝ բերման ենթարկվածները 2-3 հոգի են, չի ասել՝ ովքեր են. «Շատ ավելի քիչ էին, եթե չեմ սխալվում` նույն դեպքի հետ է կապված: 2-3 հոգի, եթե չեմ սխալվում»:

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին երեկ բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Արդյոք վարչապետը ուժային կառույցներին բացահայտ չէր ուղղորդում պատժել իր դեմ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիներին։ Փոխոստիկանապետին հարցրել են լրագրողները։ «Եթե խոսքը վերաբերում է հանցագործության բացահայտմանը, ապա միանշանակ է, որ այստեղ պետք է ձեռնարկվեին բոլոր միջոցառումները»:

Իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը Սյունիքից է ընտրվել ու երեկ ուղեկցում էր վարչապետին, այսօր էլ պնդեց՝ Փաշինյանի վարկանիշը Սյունիքում նորմալ է, բողոքի ակցիան կազմակերպված խուլիգանություն է. «Այն, որ խուլիգանություն է տեղի ունեցել, միանշանակ է»:

XS
SM
MD
LG