Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ամերիկյան իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
Ազդեցիկ սենատորը հիշեցրել է, որ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան հարյուր օր անց հայ ռազմագերիները Բաքվի կողմից ապօրինի կերպով պահվում և բացահայտ բռնության են ենթարկվում։
«Սա միջազգային իրավունքի խախտում է, ինչի մասին, ի տարբերություն նախորդ վարչակազմի, մենք պետք է բարձրաձայնենք», - ամերիկյան Սենատում հայտարարել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություների ավարտից ավելի քան երեք ամիս անց, հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի տարածքում շուրջ 200 հայ ռազմագերի է պահվում։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Անցած ամիս, մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությամբ Երևանն ու Բաքուն պարտավորվել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնել բոլոր գերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձանց։