Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած աղմկահարույց նախագիծն ուղարկել է ՍԴ


Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել աղմկահարույց նախագիծն ու դիմել է Սահմանադրական դատարան։

Արմեն Սարգսյանը մտահոգ է՝ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։ Բացի այդ, ըստ նախագահի, առաջարկվող փոփոխություններով որևէ համակարգային խնդիր չի լուծվում։ Սարգսյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ վիրավորանքն ու զրպարտությունն անընդունելի և դատապարտելի են:

Մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագծով փոփոխություններ են նախատեսում «Քաղաքացիական օրենսգրքում», վիրավորանքի համար սահմանելով գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։

Աշոտ Մելիքյան
Աշոտ Մելիքյան

«Դեռ օրինագիծը երբ որ պատրաստ էր և նախատեսում էր նույնիսկ հնգապատկել գործող չափերը, վերին շեմը, մենք ասում էին, որ դա ուղղակի հակասում է բազմաթիվ եվրոպական կառույցների մոտեցումներին», - ասում է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հայաստանյան լրագրողական կազմակերպությունները ոչ միայն իրենց մտահոգությունն էին արտահայտել, այլև կոչով դիմել էին նախագահին, որպեսզի վերջինս չստորագրի օրենքն ու այն Բարձր Դատարան ուղարկի։

Ոլորտի մասնագետները հույս ունեն՝ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի օրենքը, քանի որ ավելի վաղ այս հարցին առնչվող որոշում է ընդունել։

«Նշված որոշումը ենթադրում է, որ դատարանները չպիտի այնպիսի փոխհատուցման չափեր սահմանեն, որոնք կարող են խիստ բացասաբար անդրադառնալ լրատվամիջոցների ֆինանսական վիճակի վրա, և որպես հետևանք լինի նաև սնանկացումը», - ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Բորիս Նավասարդյան
Բորիս Նավասարդյան

«Ե՛վ միջազգային կառույցների մոտեցումը, և՛ Սահմանադրական դատարանի դեռ 2011 թվականի որոշման իմաստը այն է, որ փոխհատումը չպետք է հասցնի նախ և առաջ խմբագրության կոլապսին՝ տնտեսական-ֆինանսական առումով, և պետք է չվնասի խոսքի ազատությանը և լրատվամիջոցների գործունեությանը», - հավելում է Աշոտ Մելիքյանը։

Օրենքի հեղինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անհիմն է համարում իրենց ուղղված քննադատությունն ու զարմացած է, որ նախագահը լսել է լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները, բայց չի լսել իր դիրքորոշումը։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Իշխող ուժի ներկայացուցիչը մնում է նույն կարծիքին՝ այս փոփոխությամբ խոսքի ազատությունը չի սահմանափակվի, այն չի խոչընդոտի բարեխիղճ լրատվամիջոցներ աշխատանքը․ - «Լրատվամիջոցները, որոնք չեն ենթադրում, որ իրենք զբաղվելու են զրպարտությամբ և վիրավորանքներ տարածելով, որևիցե անհանգստանալու բան չունեն։ Եթե իրենք մտածում են, որ իրենց վիրավորանք են գրում, և դա իրենց անհանգստացնում է, ապա ես համարում եմ, որ դա արդեն իրենց խնդիրն է։ Եվ այո, իրենք պետք է փոխհատուցեն, և կողմը պետք է իրավունք, հնարավորություն ունենա փոխհատուցում պահանջել»։

Մինչդեռ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են՝ օրինագիծը կարող է ազդել ազատ խոսքին, կաշկանդել առողջ ու սուր քննադատությունը ոչ միայն լրագրողների, այլև քաղաքացիների շրջանում։

«Եթե հաշվի առնենք, որ պաշտոնյաները, քաղաքական գործիչները, տարբեր այլ հայտնի մարդիկ շատ հաճախ ուղղակի օբյեկտիվ քննադատությունը ընկալում են որպես վիրավորանք կամ զրպարտություն և դատարանների միջոցով փորձում են հաշվեհարդար տեսնել, ապա այս օրենքը այդ տեսանկյունից շատ վտանգավոր է դառնում հենց խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության առումով», - պնդում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Իսկ Երևանի մամուլի ակումի նախագահը ենթադրում է, որ ոլորտի օրենդրությանն առնչվող իշխանությունների նախաձեռնություները կոնկրետ անձնանց ու լրատվամիջոնցրեի պատժելու նպատակ ունեն։

XS
SM
MD
LG