Մատչելիության հղումներ

Նախագահը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքները մեծացնող օրենքը և այդ հարցով դիմել է ՍԴ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքների չափերը բարձրացնող օրենքը և տվյալ հարցով դիմել է Սահմանադրական դատարան։

Նախագահականի հրապարակած հայտարարության համաձայն՝ Ազգային ժողովի կողմից մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրենքը ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է մարտի 26-ին:

«Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու:

Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները», - փոխանցում է նախագահականը՝ շարունակելով․

«Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։

Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա:

Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում:

Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի:

Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար:

Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով»:

XS
SM
MD
LG