Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր Թեհրանում քննարկել են այն դերը, որ կարող են խաղալ Իրանն ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան կարգավորման գործում։ Այս մասին ռուս դիվանագետը հայտարարել Է Թեհրանում բանակցություններին հետևած մամուլի ասուլիսի ժամանակ։
Թվարկելով բոլոր այն տարածաշրջանային և միջազգային խնդիրները, որոնց երկու երկրների արտգործնախարարներն անդադարձել են այսօրվա բանակցություններում, Լավրովը շեշտել է, որ Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրներից բացի իրենք քննարկել են նաև իրավիճակը Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ։ Լավրովի խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադարը:
«Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելն արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, և քննարկել ենք այն դերը, որ կարող են խաղալ տարածաշրջանի երկրները այդ գործընթացում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հատկապես վերջին շրջանում՝ Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացման ֆոնին, պաշտոնական Մոսկվան սկսել է հաճախ խոսել ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման մասին։ Նախօրեին, հիշեցնենք, կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո շարունակելու անհրաժեշտության մասին խոսել էր նաև Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը: «Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա», - «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել էր Կարասինը։
Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում Թեհրանը հաճախ էր հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով, սակայն Իրանի դերը սահմանափակվել է միայն հայտարարություններով, Մոսկվան էլ պարբերաբար հայտարարում է, թե Թեհրանի հետ քննարկում է հետպատերազմյան իրավիճակը Ղարաբաղում և կարևորում է որպես տարածաշրջանային պետություն Իրանի դերը։ Սակայն ինչպես փորձագետներն են գրում՝ Մոսկվային կամ Անկարային այսօր պետք չէ Թեհրանի ավելի խորը ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։