Մատչելիության հղումներ

«ՁորաՀԷԿ»-ի գործով 5 մեղադրյալի մասով էլ ապացույցները բավարար են, պնդում է քննիչը


Հատուկ քննչական ծառայությունը բավարար և հիմնավոր է համարում «ՁորաՀԷԿ-ի» օտարման գործի ապացույցները, «Ազատության» հետ զրույցում շեշտում է գործը քննող քննիչը, որը, ավարտելով նախաքննությունը, նյութերն ուղարկել է կողմերին՝ ծանոթանալու, ինչից հետո գործը կուղարկվի գլխավոր դատախազություն։

Քննությունը պարզել է, որ տարիներ առաջ Լոռու մարզում գտնվող պետական սեփականություն հանդիսացող խոշոր հիդրոէլեկտրակայանը կասկածելի գործարքի արդյունքում՝ շուկայականից 3 միլիոն դոլար պակաս գնով, օտարվել է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մտերիմներին։ Օտարման գործով 5 մեղադրյալ է անցնում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, 2011-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նրա տեղակալը և հանձնաժողովի երկու անդամներ։ Բոլոր նախկին պաշտոնյաներն էլ մեղադրանքը չեն ընդունում, գործով որևէ մեկը կալանավորված չէ։

Մինչդեռ գործը քննող քննիչ Բորյա Չիլինգարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ 5 մեղադրյալի մասով էլ կան բավարար ապացույցներ. «Հիմնավոր և բավարար են Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի և անդամներ Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար»:

Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր՝ ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում թույլ տալու համար։ Ըստ իրավապահների` 2010 թվականին Օհանյանի գլխավորությամբ պաշտպանական գերատեսչությունը կառավարության որոշման գաղտնի նախագիծ է մշակել, որով առանց գույքի պարտադիր գնահատման առաջարկվել է թույլատրել, որ նախարարությունը դեռևս 2002-ից իր կազմում գտնվող «ՁորաՀԷԿ» ընկերությունը 3 միլիարդ 600 միլիոն դրամով կամ մոտ 7.5 միլիոն դոլարով օտարի «Ձորագետ Հիդրո» ընկերությանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ հիդրոէլեկտրակայանն իրացվել է իրական արժեքից մոտ 3 միլիոն դոլարով պակաս գումարով։

Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ նախարարությանը պատկանող գույքի օտարման ողջ գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, և ինքը որևէ տեղեկատվություն չի ունեցել՝ ինչու է այն շուկայականից էժան օտարվում և ում է վաճառվում։ Պաշտպանության նախկին նախարարը, որը ստորագրել է գույքի վաճառքի գործարքը, ըստ էության, մեղադրանքի սլաքներն ուղղում է Էներգետիկայի նախարարությանը, որի նախարարն այն ժամանակ Արմեն Մովսիսյանն էր։ Տարիներ առաջ մահացած Մովսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել մահվան պատճառով։

«Օտարման ամբողջ ընթացակարգը, այսինքն` օտարման անհրաժեշտությունը, այդ փակ բաժնետիրական ընկերության գործունեության գործունեության արդյունավետությունը, նրա շենք-շինությունների վիճակը, մաշվածության վիճակը, ում ենք օտարում, ով է գնորդը, ով է ընտրել գնորդին, էվ է գնորդին տարել, տեղում ծանոթացրել, այդ ամբողջն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը: Ես որքան պաշտպանության նախարար եմ եղել, ես մեկ անգամ էլ «ՁորաՀԷԿ-ի» տարածքում չեմ եղել», - հավաստիացնում է նախկին նախարարը:

Ըստ իրավապահների` օտարումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, տեղակալը և երկու անդամները այդ ժամանակվա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի առաջարկի հիման վրա փոփոխել են փոքր հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված առավելագույն հզորությունը՝ 10 մեգավատ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանվել մինչև 30 Մվտ հզորությունը։ Դրանով հնարավորություն է ստեղծվել, որ «ՁորաՀԷԿ-ը» դասվի փոքր ՀԷԿ-երի շարքին և կարողանա իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառել ավելի թանկ սակագնով։ Ըստ իրավապահների՝ սրանով, փաստորեն, արտոնություն է տրվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի մտերիմներին վաճառված ՀԷԿ-ին։

«Որի արդյունքում 7 միլիարդ մենք` ֆիզիկական, իրավաբանական անձինք, սպառող էլեկտրական էներգիա, հավելյալ այս տարիների ընթացքում մինչև 15 թվականը վճարել են այդ ընկերությանը շուրջ 7 միլիարդ դրամ գումար», - ասում է քննիչը:

Գործով քննիչ Չիլինգարյանը նաև որպես հիմնավորում նշում է այն փաստը, որ 2011-ին կայացված որոշումից հետո կառուցվել է 90 փոքր ՀԷԿ, և նրանց հզորությունը չի գերազանցել 10 մեգավատը։ Մինչդեռ, որոշման փոփոխությունը հիմնավորվում էր ավելի մեծ հզորությամբ ՀԷԿ-եր կառուցելու միջավայր ստեղծելով։

Հարցին, ինչպես են այն ժամանակվա իշխանությունները հիմնավորել ՀԷԿ-ի օտարումը, քննիչ Չիլինգարյանը ընդգծում է՝ փաստաթղթերում որևէ հիմնավորում չեն բերել. «Կառավարության որոշումը, ըստ էության, նախագիծը պատճառաբանված չէ` ինչով է պայմանավորված չէ գույքի օտարման անհրաժեշտությունը, ինչով է պայմանավորված նաև գույքի հատկապես այդ ընկերությանը օտարումը, ձեռք բերող ընկերությանը հատկապես այդ եղանակով օտարումը, և վերջապես չի իրականացվել գույքի արժեքի գնահատումը»:

Մեղադրյալ, 2008-ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտպանը` Սասուն Ռաֆայելյանը պնդում է՝ Նազարյանը չի չարաշահել պաշտոնեական լիազորությունները, հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, որն էլ իր որոշումն է կայացրել. «Պարոն Նազարյանը ներկայացրել է մշտապես, որ դա կատարվել է իր խորին համոզմամբ` երկրի տնտեսությունն ավելի զարգացնելու, ներդրողներին առավել նպաստավոր պայմաններ տրամադրելու համար, որպեսզի այդ ոլորտում ներդրում կատարելը լինի ավելի գրավիչ»:

Ըստ քննիչի՝ Միքայել Մինասյանի մտերիմներին օտարելուց 6 տարի անց նախկին պետական խոշոր հիդրոէլեկտրականը վերավաճառվել է։ Այժմ քննություն է տարվում պարզելու այդ գործարքի պայմանները, հնարավոր է՝ վաճառքի պայմանագրում նշված գումարի չափը կասկածելի է։

XS
SM
MD
LG