Մատչելիության հղումներ

Լոռիում մի շարք ՀԷԿ-եր շահագործվում են առանց հարակից համայնքներին ու բնությանը պատճառված վնասների փոխհատուցման. իրավապաշտպան


«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը քայլում է Դեբեդ գետի քարերի վրայով, 4-ը մարտի, 2021թ.
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը քայլում է Դեբեդ գետի քարերի վրայով, 4-ը մարտի, 2021թ.

Լոռու մարզում մի շարք ՀԷԿ-եր շահագործվում են առանց հարակից համայնքներին ու բնությանը պատճառված վնասների փոխհատուցման, նման եզրահանգնման է եկել հիդրոկայանների աշխատանքն ուսումնասիրած «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը։

Իրավապաշտպանը հարցումներ է ուղարկել Լոռու մարզի համայնքապետարաններ պարզելու, թե որքա՞ն գույքահարկ են վճարում ՀԷԿ-երը այն համայնքներին, որտեղ գործում են։ Պարզվել է, որ բնական ռեսուրսների հաշվին եկամուտներ ստացող ընկերությունները համայնքներին տարեկան չնչին՝ ընդամենը 4 հազար դրամ գույքահարկ են վճարում։ Ավելին՝ ՀԷԿ-երի մեծ մասի սեփականատերերն արտոնյալ կարգավիճակ ունեն. ազատված են գույքահարկից կամ պարզապես երբևէ հարկ չեն վճարել։

«ՀԷԿ-եր կան, որոնք ազատված են գույքահարկից, բայց ի՞նչ որոշմամբ, ի՞ նչ հիմքով, ո՞րն է եղել նման որոշում կայացնելու պատճառը, հիմքը կամ արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, դրա պատասխանը ոչ ոք չունի, այդ թվում նաև, ինչպես հասկանում ենք, համայնքապետարանը ևս չունի: Այսինքն կա տենց որոշում, թե ով է կայացրել, իրենք էլ տեղյակ չեն», - ասաց Քոթանջյանը:

Օրինակ, Ձորագետի գյուղապետը հայտնել է, որ Հայաստանի փոքր ՀԷԿ-երից ամենամեծը՝ Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող ու տարեկան մինչև 2 միլիարդ դրամի էլեկտաէներգիա արտադրող «ՁորաՀԷԿ»-ն անցած 10 տարիներին համայնքապետարանին վճարել է ընդամենը 240 հազար դրամ։

Որոշ համայնքապետարաններից հայտնել են, թե ՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ երբևէ հանրային լսում չի կազմակերպվել, ավելին՝ համայնքը շինարարության թույլտվություն կամ հողհատկացում չի արել, ինչպես օրինակ՝ Արջուտում գործող երկու ՀԷԿ-երի դեպքում։

«Այստեղ նվազագույն բաներով հանդերձ, պետությանը շատ ավելի մեծ վանս է հասցվում, քան դրանից ստացված եկամուտը: Այսինքն այս դեպքում մենք կանգնում ենք մի հանգամանքի առաջ, երբ պետք է մտածենք, թե որն է կարևոր՝ լույս ունենալ, թե ունենալ մնացածը», - նշեց «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավարը:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երն ազատված են նաև բնօգտագործման վճարից։ Գևորգ Քոթանջյանն ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ այս արտոնյալ բիզնեսի տերերը հիմնականում նախկին ու ներկա պաշտոնյաները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք են։ Նրանք անցած 10-15 տարիներին մեծապես օգտվել են փոքր ՀԷԿ-երի աջակցման պետական ու միջազգային շահավետ ծրագրերից։

«Ինչի՞ հենց իրենց հաջողվեց այդ վարկերը ստանալ և ոչ թե ուրիշներին: Այսինքն խորը առումով այստեղ երբ որ նայում ենք մեթոդաբանությունը, թե ինչ մեթոդաբանությամբ են առաջնորդվել, մենք հասկանում ենք, որ մի մեծ կոռուպցիոն մեխանիզմ կարող է գործած լինել: Արդյունքում ունեզրկվել են և՛ գյուղը, և՛ պետական ռեսուրսները: Դրա արդյունքում ընդամենը մի քանի տասնյակ հոգի կարողացել են մեծ եկամուտ ապահովել իրենց համար տասնյակ տարիներ», - ընդգծեց Քոթանջյանը:

Ըստ պետական ռեգիստրի տվյալների, Լոռու մարզում գործող 28 ՀԷԿ-երի ուղիղ կեսի սեփականատերերը հայտնի, տարբեր ժամանակներում պաշտոններ զբաղեցրած անձինք ու նրանց մերձավորներն են։ Օրինակ՝ Լոռու մարզպետարանում 21 տարի բարձր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Մանուկյանը աշխատակազմի քարտուղար նշանակվելու տարում հիմնադրել է «Մավր» ընկերությունը, որն արդեն 14 տարի փոքր հզորության ՀԷկ է շահագործում Լոռիում։ Ամենաշատ թվով՝ 5, ՀԷԿ-երում մասնաբաժին ունի Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի ընտանիքը։ Նրա որդու հիմնած «Սալէներգո» ընկերությունը Լոռու ամենահզոր փոքր ՀԷԿ-երից մեկի՝ «Այրումի» սեփականատեր է։ Ավելի ուշ ՀԷԿ-ի համասեփականատեր է դարձել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած, Լոռիում մշտապես մեծ ազդեցություն ունեցած Արտաշես Թումանյանի որդին՝ Սամվել Թումանյանը։ 2015 թվականից մինչև օրս Արտաշես Թումանյանն Իրանում Հայաստանի դեսպանն է։

Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը և որդին մասնաբաժին ունեն նաև Հաղպատի ոռոգման համակարգի վրա գործող ՀԷԿ-ի սեփականատեր «Օստ-էլ» ընկերությունում, Արջուտի երկու ՀԷկ-երի սեփականատեր «Լեռ և Ջուր» ընկերությունում, ինչպես նաև Լեռնապատում գործող «Լեռնապատի կանթեղ»-ում։ Ընդ որում՝ նախկին մարզպետի հետ «Լեռնապատ-1»-ի համասեփականատերեր են Լեռնապատի նախկին գյուղապետ Վանո Եղիազարյանը, ինչպես նաև Վանաձորի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն ու համալսարանի ևս մի քանի դասախոսներ։

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Արգիշտի-1» ընկերությանն է պատկանում տարեկան ավելի քան 200 միլիոն դրամի արտադրանք թողարկող «Մարցիգետ-1» փոքր հիդրոկայանը։ Մարց գետի վրա ՀԷկ ունեն Դաշնակցության անդամները՝ Հրանտ Մարգարյանը, Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը։

Լոռու ջրային ռեսուրսները հետաքրքրել են նաև Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դավթյանին։ Պաշտոնավարման տարիներին՝ 2011-13 թվականներին նրա ընտանիքը Լոռիում ձեռք է բերել երեք հիդրոէլեկտրակայան։ Լոռիում ևս մեկ ՀԷԿ-ի համասեփականատեր են նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ֆինանսների նախարար նշանակված Ատոմ Ջանջուղազյանն ու նրա ազգականը։ Նրանց պատկանող ՀԷԿ-ն սկսել է գործել Ատոմ Ջանջուղազյանի ֆինանսների նախարարի տեղակալ եղած տարիներին։

Լոռիում ՀԷԿ ունի նաև ներտնային գազասպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն։ «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել է, որ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն հիմնադրել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը և մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը: Այժմ ընկերության 60 տոկոս բաժնետերը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ, հանրապետական Արսեն Հարությունյանն է։ Նրա կինը՝ Սոնա Պիծակյանը տնօրինում է ընկերության 10 տոկոս բաժնեմասը, իսկ 30 տոկոսի բաժնետերը Արթուր Սուրենյանն է, ով նաև ընկերության սպասարկման գծով գլխավոր տնօրենի տեղակալն է։ Նա «ՀայՌուսգազարդ» ընկերության իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի որդին է։

XS
SM
MD
LG