Մատչելիության հղումներ

Չնայած «ՁորաՀԷԿ»-ի շուրջ աղմուկին` այն այսօր գործում է, մեղադրյալներն էլ ազատության մեջ են


Լուսանկարը` Էկոլուրի
Լուսանկարը` Էկոլուրի

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գործող 191 ՀԷԿ-երից միայն երկուսն են համարվում մեծ՝ «Սևան-Հրազդան» ու «Որոտան» ՀԷԿ-երը։ 2011-ին կառավարությունը Տիգրան Սարգսյանի օրոք ավելացրեց փոքր ՀԷԿ-երի հզորության սահմանաչափը՝ 10-ից դարձնելով 30 ՄՎտ։ Դրանով փոքր ՀԷԿ-ի կարգավիճակ ստացավ նաև ամենաջրառատ գետի՝ Դեբեդի վտակի վրա գործող մոտ 25 ՄՎտ հզորությամբ «ՁորաՀԷԿ»-ը, որը կրկնակի ու եռակի փոքր հզորություն ունեցող ՀԷԿ-երի հետ օգտվեց պետության կողմից ընձեռված արտոնություններից. արտադրած էլեկտրաէներգիան մի քանի անգամ թանկ կարողացավ վաճառել։

Այսօր բնական գետերի վրա կառուցված ՀԷԿ-երն իրենց արտադրանքը վաճառում են ավելի քան 24 դրամով։ Մեծ ՀԷԿ-ի դեպքում թողարկած էլեկտրաէներգիան մոտ 4 անգամ էժան է։

2016 թվականից մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ձորագետ հիդրո» ընկերությունը տարեկան մոտ 2 միլիարդ դրամի էլեկտրաէներգիա է ստանում 10 տարի առաջ ընդամենը 3,6 միլիարդ դրամով ձեռքբերված ՀԷԿ-ի միջոցով։ Ընկերությունն իր արտադրանքն ամբողջությամբ վաճառում է Հայաստանի էլեկտրական ցանցերին, որի 70 տոկոս բաժնետերը ևս «Տաշիր գրուպին» պատկանող «Տաշիր կապիտալ» ընկերությունն է։

Այս փաստերը դեռ անցած տարի արժանացան կառավարության ու իրավապահների ուշադրությանը, հայտարարություններ արվեցին, թե ՀԷԿ-ը մինչև «Տաշիր գրուպին» անցնելը փոխկապակցված է եղել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի հետ:

«Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի հատ կնոջ անունով, որի անունւ ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի, և իզուր են նաև իրենք ձև անում, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը», - ասել էր վարչապետ Փաշինյանը:

Քրեական գործ հարուցվեց, մեղադրանքներ առաջադրվեցին ՀԷԿ-ի սեփականատեր «Ձորագետ Հիդրո» ընկերության համար շահավետ որոշումներ կայացրած պաշտոնյաների նկատմամբ։

Չնայած ազատության մեջ, բայց այսօր «ՁորաՀԷԿ»-ի գործով մեղադրյալներ են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու նույն հանձնաժողովի երեք նախկին անդամներ։

Դեռ մեկուկես տարի առաջ դատախազությունը մանրամասներ էր հրապարակել քրեական գործից` նշելով, որ Պաշտպանության նախարարության ենթակայության ՀԷԿ-ը 2010-ին կեղծիքներով է սեփականաշնորհվել դրանից ընդամենը երկու ամիս առաջ ստեղծված «Ձորագետ Հիդրո» ընկերությանը։ Ընկերությունը ՀԷԿ-ը ձեռք է բերել իրական արժեքից զգալի էժան՝ պետությանը պատճառելով մի քանի միլիոն դոլարի վնաս։

2016-ին` «Տաշիր գրուպին» անցնելուց առաջ, «Ձորագետ Հիդրո»-ի սեփականատերերը Վիրջինյան օֆշորներում գրանցված երկու ընկերություն էր, ինչպես նաև Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Մամուլում հրապարակումներ եղան, որ թե այս երկու անձինք և թե չբացահայտված ընկերություններն առնչվում են Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Ավելի ուշ իրավապահները քրեական գործ հարուցեցին նաև «Ձորագետ հիդրո»-ի նախկին համասեփականատեր Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ՝ համարելով Միքայել Մինասյանի մտերիմն ու նրան պատկանող կազմակերպությունների ղեկավարը։ Արևշատյանը ևս այսօր ազատության մեջ է, թեև դատախազությունն անցած տարի նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Չնայած փոքր ՀԷԿ-երի մեջ ամենամեծը համարվող «ՁորաՀԷԿ»-ի շուրջ աղմուկին, ՀԷԿ-ը դեռ շարունակում է գործել նախկինի պես։ Գործունեության թույլտվության ժամկետը մինչև 2025 թվականն է։

XS
SM
MD
LG