Մատչելիության հղումներ

Անհետ կորածների հարազատները կառավարության դիմաց էին. նրանց ընդունեց վարչապետը


Պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ այսօր կառավարության դիմաց հերթական ցույցն էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Արդեն շուրջ կես տարի իրենց որդիներից լուր չունեցող ծնողները ցանկանում են իմանալ՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում իրենց զավակների հարցն արդյոք քննարկվել է, և ինչ արդյունքներ կան։

«Պարոն Փաշինյանը գնացել ա Ռուսաստան, հանդիպել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ, հիմա եկել ենք, տեսնենք` մեր վարչապետն ինչ ա ասում», - ասում են նրանք:

«Ոչ ոք մեզ չի ասում՝ մեր երեխաները որտեղ են»,- վրդովված ասում է ծնողներից մեկը. «Գոնե մի հատ ասեն` երեխան որտեղ է, ինչ ա, ուր ա, երեխեքը չկան, պատերազմի առաջին օրվանից երեխեքը չկան, մինչ օրս ոչ մի բան չենք կարողանում իմանալ»:

«Երեխան գերիների մեջ ա, անհետների մեջ է, որտեղ ա, ոչ մեկը չի կարողանում այդ հարցին պատասխանել: Մեր ծնողների խնդիրը դա է, օր առաջ բանակցությունները գնան, մեր երեխաները վերադառնան, ես դա եմ խնդրում: Պարոն Փաշինյանից եմ խնդրում, Վլադիմիր Վլադիմիրովիչին եմ խնդրում: Ով մեր երեխաներին բերի, ես պատրաստ եմ նրա ոտքերը պաչել, ծնկի գամ նրա առաջ», - մյուսն է ասում:

Հարազատների պնդմամբ` «այլևս իրենց գլխի տակ փափուկ բարձ դնել չի լինի», ասում են՝ հարցն ազգովի են լուծելու. «Էսօր պարոն Փաշինյանի հետ հանդիպելուց հետո ես ասելու եմ` օր եմ ասելու, սաղ լրատվամիջոցներին կանչելու եմ, խնդրելու եմ` սաղդ ազգովի ոտքի ելեք, որովհետև այսօր գիտեմ, կանչում եք, ասում եք` օր ասեք, սաղ ազգը հելնի ոտքի, որովհետև ես այսօր համոզված եմ, որ այսօր մեր հերոսների ծնողների կողքը սաղ ազգը կանգնած է»:

Ծնողը միասնականության կոչ է անում. «Խնդրում եմ, մեռնեմ ձեր սրտին, համատեղ լինենք, մեր երեխեքն էսօր չկան, սաղ ձեր երեխեքն էսօր չկան»:

Ցույցի մեկնարկից որոշ ժամանակ անց ծնողներին հրավիրեցին կառավարության շենք: Աշխատանքային օրվա ավարտին կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ծնողներին ընդունել է վարչապետ Փաշինյանը։

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատներն անցած շաբաթ շուրջ 2 օր փակել էին Պաշտպանության նախարարության մուտքերը` պահանջելով հանդիպում զինվորական ղեկավարության հետ։ Ի վերջո նրանց ընդունեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բայց ծնողները հանդիպմանն այդպես էլ իրենց հուզող հարցերի պատասխանները չստացան։

XS
SM
MD
LG