Մատչելիության հղումներ

Պատերազմից վեց ամիս անց դատաբժշկական կենտրոնում 238 մարմին դեռևս նույնականացված չէ


Պատերազմից վեց ամիս անց դատաբժշկական կենտրոնում 238 մարմին ու մասունք դեռևս նույնականացված չէ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այժմ ձեռք է բերվում պայմանավորվածություն արտասահմանյան որոշ փորձագիտական կազմակերպությունների հետ՝ վնասված և բարդ փորձանմուշները հետազոտության ուղարկելու նպատակով։

Նախարարությունից փոխանցեցին նաև՝ պատերազմից ի վեր 3723 փորձաքննություն է իրականացվել, 2302 մարմին դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է, այսինքն՝ հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացվել ու պարզվել է զոհվածի ինքնությունը։ Որոնումներից հետո այստեղ տեղափոխվող մասունքների նույնականացման աշխատանքը շարունակվում է։

Վերջին շրջանում մարտական գործողությունների վայրերից նախորդ ամիսների համեմատ զգալիորեն քիչ են գտնվում զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց մարմիններ։ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ՝ այսօր որոնողական աշխատանքները մեկ՝ Ջաբրայիլի ուղղությամբ են իրականացվել, բայց ապարդյուն։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է՝ այսօր ադրբեջանական կողմը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է։ Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Հունան Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու վերջին օրերին որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս. «Դա մեծ մասամբ կապված է նրա հետ, որ պատերազմից անմիջապես հետո բոլոր ուղղություններում փրկարար ջոկատները ուղեկցողների հետ միասին եղել են տարբեր վայրերում, և տեսանելի վայրերում արդեն բոլոր աճյունները հավաքվել և տարհանվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից և տեղափոխվել են հայկական կողմ»։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ որոնումներն ըստ անհրաժեշտության են իրականացվում՝ պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ։

«Եթե կան մարդիկ ռազմագործողություններին մասնակից, ովքեր հստակ գիտեն տեղը, այդ տարբերակով գնում ենք։ Նախորդ շաբաթ ունեցանք մեկ տվյալ, դա Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքից քաղաքացիական անձի աճյուն էր, որ հստակ ասացին, որ տեղը գիտեն, իր հարազատներից մեկը հստակ գիտեր, գնացինք այդ աճյունն էլ տարհանեցինք։ Որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի դեռ ադրբեջանական կողմի հետ որևէ խնդիր չկա այդ տարածքներ այցելելու և տեսնենք, թե առաջիկայում ինչ արդյունքներ կունենանք: Բայց այն, որ անհետ կորածներ դեռ կան, գիտենք ծնողների ներկայությունից, նրանց հետ աշխատում ենք ամեն օր, և նրանց մեծ մասը գտնվում է Արցախում»։

Ամիսներ շարունակ որոնողական աշխատանքներին է հետևում անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը։ Դեկտեմբերին եղբոր դին է գտել, մինչ օրս որևէ տեղեկություն չունի եղբորորդուց. «Վերջին անգամ ողջ-առողջ իրան որտեղ են տեսել, այդ հատվածը երեք անգամ կարելի է ասել МЧС-ի տղերքը մետել են իրանց սպայի հետ տուն առ տուն, նկուղ առ նկուղ նայել են, բայց երեխա այնտեղ չի եղե՝ թե՛ զոհված, թե՛ վիրավոր: Անհետացել է, մնում է, որ ենթադրենք, որ միգուցե գերի է»:

Ղուկասյանը ասում է՝ Արցախում գտնվող անհետ կորած զինծառայողների հարազատները, ծնողները ևս շարունակում են մասնակցել որոնողական աշխատանքներին. «Մի քանի օր առաջ ծնողներից մեկը եկավ իր երեխայի սպայի հետ, տեղանքն ասացին, քանի որ իրենք ԴՆԹ-ի պատասխանը մեկ ոսկոր էին տրամադրել, էդ մարդը սպայի հետ գնացել է էդ տեղանքը, որտեղ գիտեին, որ զոհվել է, բահերով քանդել են, էլի մի քանի ոսկոր գտել էին, հավաքել էին, բերել էր, որ տար էլի ԴՆԹ-ի, որ գոնե մի քանի կտոր լինի դագաղի մեջ»։

Նոյեմբերի 13-ից ի վեր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1530 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Պաշտպանության բանակը մինչ օրս հրապարակել է 2 հազար 836 զոհված զինծառայողի անուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG