Ամուսնուն կորցրած կինը զարմացած է դատարանի երեկվա որոշումից, որով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները արդարացվեցին սահմանադրական կարգը տապալելու հոդվածը հակասահմանադրական ճանաչվելու պառճառաբանությամբ։
Մի՞թե 10 մարդու սպանության համար պատասխանատու չպետք է լինի, հարց է բարձրացնում Լիլիա Մինասյանը․ - «Ինքն ա հրաման տվողը էղել։ Թող կանխեր, թող ասեր ջրցաններ բերեն, թող ուրիշ ձև․․․ գազով, ոչ թե ինչ-որ սնայպերներով ու կալաշնիկովներով։ 22 հատ տանկ մենակ մոստի վրա ա կանգնած էղել։ Ո՞ւմ վրա էր բերել։ Ե՞ս էի բերել․․․ ես տանկ չունեմ»։
46-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը սպանվել է 2008-ի մարտի 1-ին հրազենային վնասվածքից Մաշտոցի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա։
Լիլիա Մինասյանի և մյուս 8 զոհերի հարազատների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը համարվում է փակված։
Եգորյանը քննադատում է Սահմանադրական դատարանին ոչ իրավական որոշում կայացնելու համար և այս գործը ձախողելու հարցում մեղադրում է իշխանությանը․ - «Ըստ էության, իրենց վստահված լիազորությունները, որոնք իրենց երդմամբ պետք է ծառայեցնեին Սահմանադրություն ծառայելու և այն պաշտպանելու գործին, կիրառում են ժողովրդի իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման հանցավոր արարքները պարտակելու նպատակով։ Այ սա կարելի է մեղմ անվանել փակուղի։ Թե չէ մնացածը ածանցյալն է սրանից, իսկ սա էլ ածանցյալ է էսօր ստեղծված քաղաքական իրավիճակից»։
Դատավոր Աննա Դանիբեկյանի երեկվա որոշումը բողոքարկման ենթակա է վերաքննիչ ատյան։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը երեկ դատական նիստից հետո ասաց, որ որոշումն ուսումնասիրելուց հետո միայն կանդրադառնան իրենց քայլերին։
Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցած շաբաթավերջին դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել մի շարք օրենքներ, ինչից հետո իրենք հնարավորություն կունենան վերաորակել Քոչարյանի և մյուսների մեղադրանքը պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։
Սակայն Քոչարյանի փաստաբանները իրենց պաշտպանյալին արդարացնելուց հետո նրան նոր մեղադրանք ներկայացնելը անօրինական են համարում։
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ևս կարծում է, որ Քոչարյանին նույն արարքի համար նոր մեղադրանք չեն կարող առաջադրել։ Կա կրկին դատվելու անթույլատրելության սկզբունք, ասում է իրավաբանը․ - «Եթե վերցնենք ուղղակի փաստերը հարմարացնենք մեկ այլ հոդվածի և անունը դնենք վերաորակում և այդ հոդվածով փորձենք անձին մեղադրանք առաջադրել, ապա, իմ կարծիքով, սա իրավունքի կոպիտ ոտնահարում կլինի։ Որովհետև եթե այդ մարդու արարքների մեջ կար քրեորոն պատժելի այլ հանցանք ևս, ապա այդ ժամանակ նախաքննական մարմինը պարտավոր էր այդ հոդվածով ևս մեղադրանք առաջադրել։ Հակառակ պարագայում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը, գերնպատակը կոնկրետ x անձին դատելն է»։
Ըստ Գյոզալյանի, չկա տարբերություն՝ ամբաստանյալն արդարացվել է Սահմանադրական դատարանի որոշման, թե գործի քննության արդյունքում։ Կա մեկ փաստ՝ նրան վերագրվող հոդվածն անորոշ է և չի կարող այդ տեսքով գոյություն ունենալ․ - «Սա զարմանալի է, նոնսենս է ինձ համար։ Ես երբեք չէի պատկերացնի, որ այս իշխանությունների օրոք Ռոբերտ Քոչարյանը կարդարացվի։ Էն էլ ինչ գործով, Մարտի 1-ի գործով։ Բայց դա փաստ է, և դա բոլորը պետք է ընդունեն»։
Գյոզալյանը 2008-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիրների հավաքներին ևս ներկա է եղել, պնդում է՝ այն ժամանակվա իշխանությունն, անշուշտ, ունի իր մեղքի բաժինը։ Կարծում է, որ նման իրավիճակ չէր առաջանա, եթե իրավապահները առաջին հերթին սկսեին քննել սպանությունները, որը գուցե շատ հարցեր պարզեր․ - «Նրանցից թե ով ինչ մեղավորություն ունի, սա արդեն պետք է դատարաններում պարզվի։ Եվ պետք է շատ որակյալ նախաքննություն իրականացվի, որպեսզի անձանց մոտ անարդարության զգացողություն չառաջանա։ Որովհետև անձինք սպասում են այդ գործին, և արդյունքը լինում է սա։ Սա շատ ավելի վատ է, քան որ առհասարակ ոչ մի բան չանեին։ Ի՛նչ կատարվեց։ Մարդկանց, տուժողներին ասեցին՝ հեսա, Մարտի 1-ը արդեն բացահայտված է․․․ սկսեցին ինչ-որ հայտարարություններ անել, արդյունքը եղավ սա։ Եվ պատմությունը սա է հիշելու»։
Թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակում 10 զոհերի մահվան հանգամանքների նախաքննությունը շարունակում է, Ազատությանը փոխանցեցին այդ կառույցից։ Անցած երկուս ու կես տարվա ընթացքում զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Նա երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեց։ Մեղադրանքը չընդունող նախկին բարձրաստիճան ոստիկանը միակ մեղադրյալն է սպանությունների գործով։