Մատչելիության հղումներ

Ինչ է անում Հայաստանի իշխանությունը գերիներին վերադարձնելու ուղղությամբ. արտգործնախարարի պարզաբանումը


Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 8-րդ կետը։ Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել բոլոր գերիներին, անգամ արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մարմինները։ Իսկ Ադրբեջանը շարունակում է չկատարել նույն պայմանագրով ստանձնած պարտավորությունը։ Ի՞նչ քայլեր է անում իշխանությունը մեր ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, Ազգային ժողովում արտաքին գործերի նախարարին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Ռազմագերիների հարցով ի՞նչ ենք անում կոնկրետ»:

Հայաստանյան դիվանագիտության արդյունքում միջազգային ճնշումն է աճել Ադրբեջանի նկատմամբ, Արտգործնախարարությունն ամենօրյա աշխատանքով մատնացույց է անում, որ Ադրբեջանը չի կատարում պարտավորությունները, պարզաբանեց նախարար Արա Այվազյանը. «Բավական ժամանակ է` գնալով միջազգային ճնշումը աճում է թե լինի գերիների պարագայում, թե մեր պատմամշակութային ու կրոնական հուշարձանների վերաբերյալ, և դա արվում է և հանրային ոլորտում, և միջազգային կազմակերպությունների կողմից, և առանձին անդամ պետությունների կողմից»:

Պատերազմից հինգ ամիս անց դեռ Ադրբեջանում են հայկական կողմի տվյալներով 100-ից ավելի հայ ռազմագերիներ, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի։ Ճի՞շտ ենք վարվել։ Ի՞նչ է անում Հայաստանը, որ Ադրբեջանն էլ գա կառուցողական դաշտ, շարունակեց ընդդիմադիր պատգամավորը. «Միգուցե կարիք չկա՞ր ամեն ինչը հանձնել, երբ որ մենք գիտենք, չհրապարակեմ թվերը, ես և Դուք գիտենք, թե մոտավոր հաստատված ռազմագերիներ և ենթադրյալ ռազմագերիներ մենք ինչքան ունենք: Այստեղ արդյոք մենք ճիշտ ենք վարվել, երբ որ ամբողջը, նույնիսկ 90-ականների ոսկորները հանել ենք, տվել ենք իրենց, անգամ իրենց մատնանշած տեղերից հանել, տվել ենք, ես ուզում եմ հասկանալ` մեր գործիքները որո՞նք են, որպեսզի այդ երկրին իր դաշնակից Թուրքիայի հետ բերեք կառուցողական դաշտ, բերենք Ժնևյան կոնվենցիայի և բոլոր միջազգային պարտավորությունների դաշտ»:

Գերիների փոխանակման հարցում հայկական կողմի քայլերը ճիշտ են, թե ոչ, նախարարն ասաց՝ ինքը չէ հարցի հասցեատերը: Արտաքին գործերի նախարարն այդպես էլ հստակ չասաց` ադրբեջանական բանտերում պահվող գերիների վերադարձնելու ինչ գործնական քայլեր ու հեռանկար կա. «Ի՞նչ գործիքներ ունենք, ունենք տարբեր գործիքներ, և նաև կուզենայի առաձնացնել նաև այս վերջերս Human Rights Watch-ի զեկույցը, որին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, և այդ ճնշումն իսկապես դարձել է բավական ուժեղ, և գերիների խնդիրը դարձել է խնդրահարույց Ադրբեջանի համար»:

XS
SM
MD
LG