Եվրախորհրդարանականները Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են,մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում», - ասված է հայտարարությունում:
Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ հետաքննել բոլոր մեղադրանքներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
«Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը: Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին», - ասված է համատեղ հայտարարությունում:
Նրանք ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների համաձայն։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։
Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: