Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու օրինագիծը հիասթափեցրել է Արցախի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի դասախոսներին ու աշխատակիցներին։
Շաբաթներ առաջ նրանք բաց նամակով դիմել էին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորներին՝ նախաձեռնությունը ոտնձգություն համարելով հայոց լեզվի նկատմամբ, պահանջում էին Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ վերապահել միայն պետական լեզվին, այսինքն` հայոց լեզվին։
Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, դոցենտ Նունե Խաչատրյանը հիշեցնում է՝ առաջարկել էին՝ ռուսերենը Արցախի տարածքում որպես «ազգամիջյան հաղորդակցության լեզու ձևակերպել, այն ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում»:
«Խնդիր ենք տեսնում, որովհետև վաղը կունենանք մի զանգված, որ հայախոս չի լինի, մենք կունենանք լեզուն պահպանելու խնդիր, փաստորեն, շարժումից հետո, 25 տարվա ընթացքում մենք անընդհատ պայքարել ենք օտարաբանությունների դեմ, ռուսաբանության դեմ, հայերենի անաղարտության պահպանման համար էինք պահպանել և կարծես հասել ենք մեր նպատակին, բայց նորից այսօր պետք է նստենք կոտրած տաշտակի առաջ, նորից երևի ռուսական դպրոցների դռները կբացվեն», - ասաց Նունե Խաչատրյանը։
Արցախի Ազգային ժողովը երեկ ընդունեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուները կլինեն գրական հայերենը և ռուսերենը:
Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը երեկ տեղի ունեցած նիստում հայտարարեց՝ թեև կողմ է ռուսերենին կարգավիճակ տալուն, սակայն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ նախագիծն այդ ձևակերպմամբ իր համար ընդունելի չէ։
«Արամ Հարությունյանը և Գագիկ Բաղունցը օրենքի նախագծի առաջին հոդվածի երկրորդ կետում պնդեցին իրենց ձևակերպումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը։ Գրավոր առաջարկ եմ արել այլ ձևակերպումով խմբագրել, որն իրավաբանորեն նույնական էր, սակայն այդ ձևակերպմամբ մնում էր հիմնական ձևակերպումը նաև։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, կարող է գրական հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը։ Թերևս ինձ համար անհասկանալի է այն բուռն հակադարձումը, որ ստացա», - նշեց Հակոբյանը։
Պատգամավորը հայտարարել է՝ որոշումը ինքնանպատակ ու միաբևեռ է, այդ իսկ պատճառով համահեղինակների խմբից դուրս է գալիս։ «Ազատության» հետ զրույցում Հակոբյանն ասաց՝ նախագծի շուրջ հանրության հետ պատշաճ քննարկում չի եղել, առաջարկները չեն ընդունվել, չեն տրվել պարզաբանումներ։
«Խնդիրը ես համարում եմ քաղաքական, որ հանրությանը, ազգին, ժողովրդին, իշխանությունները նույնիսկ չուզեցին լսել, պետք չէր խուսափել հանրության հետ հանդիպումներից։ Ինչո՞ւ միացա ժողովրդին, որովհետև մարդկանց վիրավորանքը կիսեցի, իրենց հետ չքննարկեցին, չնստեցին, չբացատրեցին, իմ համար ուղղակի ընդունելի չեղավ իրենց դիրքորոշումը, իրենց ականջները փակ լինելը», - ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղարը։
Արցախում ռուսերենի պաշտոնականացմանն ուղղված օրինագիծը անհիմն է համարում Արցախի պետական համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Յանա Ավանեսյանը. «Հայերենին, այսպես ասած, հավասար կարգավիճակ տալը չի կարող միատար պետությունում, որտեղ բոլորը հայ են և ընդամենը ռուս խաղաղապահների առաքելություն կա այստեղ և ոչ թե բնակչություն, ռուսերենին տալ նման բարձր կարգավիճակ և թույլ տալ, որ պետական մակարդակով ռուսերենն օգտագործվի որպես պաշտոնական լեզու»։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»։
Նախագծի հեղինակներից «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի խոսքով՝ իրենց էականորեն տարբերվող առաջարկներ չեն արվել։ Պարզաբանեց նաև՝ լեզուների հավասարեցման մասին խոսք չի գնում, հայերենն առաջնային է լինելու. «Պետական բառն արդեն առանձնացնում է հայոց լեզվի դերն ու նշանակությունը և շեշտում է, որ հայոց լեզուն պետական լեզուն է, մեր Սահմանադրության լեզուն է և նաև ըստ այդ նույն օրենքի հանդիսանում է մեր խորհրդանիշը և գտնվում է պետության հատուկ հոգացության տակ։ Այսինքն՝ հավասարեցման մասին խոսք չկա»։