Իրենց առաջարկությունը հիմնավորում են այսպես․ - «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժեվորումը և նոր օրակարգի ձևավորումը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը»։
Նախագծի հեղինակներից «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը պարզաբանում է՝ օրենքների փոփոխությամբ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ չի տրվելու։ Նա պնդում է, որ նման մտադրություն չունեն։
Պատգամավորը նաև համոզված է, որ այդ փոփոխությունը որևէ կերպ բացասաբար չի ազդի Արցախի այն քաղաքացիների վրա, որոնք չգիտեն ռուսերեն․ - «Մենք պարզապես տալիս ենք նաև հնարավորություն որոշ շրջանակներում որպես պաշտոնական լեզու օգտագործել ռուսերենը։ Մենք չենք փոխարինում հայերենը ռուսերենով, մենք թողնում ենք հայերենը այն դիրքում, որը կա։ Իհարկե, սա մեր մայրենի լեզուն է, և որևէ փոփոխություն այդ առումով չենք անում»։
Պատգամավորների նախաձեռնությունը Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարն է սուր քննադատել։
Մանե Թանդիլյանը համարում է, որ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ - «Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսների հետ՝ անգլերեն, կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։ Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը»։
Արամ Հարությունյանն ընդհանրապես իրենց ուղղված քննադատությունն անհիմն է համարում․ - «Չպիտի փորձենք ամեն ինչի մեջ ձևական գտնենք ինչ-որ բացասական տարր։ Ես ևս մեկ անգամ շեշտում եմ՝ հայերենի դերը չի նվազեցվում, հայերենի համար որևէ վատ պայման չի ձևավորվում»։
Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ առնչություն ունեցող «Արդարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով ևս մասնակցել է օրենքի մշակմանը, ասում է՝ այս փոփոխությունը հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակով է պայմանավորված, խաղաղապահների ներկայությամբ։ Օրինակ, նույն պատգամավորները նրանց չեն կարող ռուսերենով գրություն ուղարկել, օրենքն է արգելում․ - «Մենք պիտի անպայման ուղարկենք մեր մայրենի լեզվով և ստեղծենք արհեստական բարդություններ՝ պիտի թարգմանվի կամ նոտարական հաստատմամբ, կամ ինչ-որ մեկը պիտի թարգմանի, ինչը ստեղծելու է ավցելորդ բարդություններ։ Այդ պատճառով պետք է ինչ-որ կարգավորումներ անել, և օրենքում փոքր լրացում ընդամենը կատարվեր»։
Այնուհանդերձ, ընդդիմադիր խմբակցությունում վերապահումներ ունեն։ Առաջարկում են օրինագծում փոխել «Արցախում պաշտոնական լեզուններն են հայերենն ու ռուսերենը» ձևակերպումը։ Մետաքսե Հակոբյանը ոչ միայն համարում է, որ նման ձևակերպմամբ հավասարության նշան է դրվում հայերենի և ռուսերենի միջև, որն իրենց համար անընդունելի է, այլև հակասություն է տեսնում Սահմանադրության հետ։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Որից բխում է, որ նաև պաշտոնական լեզուն է հայերենը։ Եթե ես էստեղ միանգամից, առանց որևէ պարզաբանում տալու, ասում եմ, որ նաև ռուսերենն է պաշտոնական լեզու, ես մի փոքր հակասություն եմ տեսնում Սահմանադրության հետ»։
Մինչդեռ Արամ Հարությունյանը որևէ հակասություն չի տեսնում, բայց ասում է, որ մինչև օրենքի ընդունում հնարավոր է առաջարկների հիման վրա փոփոխություններ արվեն։ Պատգամավորը բացառում է նաև, թե որևէ ճնշում է եղել իրենց վրա նման օրինագիծ հեղինակելու համար։
Օրենքի ընդունմամբ ոչ միայն պաշտոնական աշխատանքում հնարավոր կլինի օգտագործել նաև ռուսերենը, այլև լրատվամիջոցներում, գիտաժողովներում, հանրային այլ միջոցառումների ընթացքում՝ առանց թարգմանության։
«Լեզվի մասին» օրենքի նախագծում առանձին կետով շեշտվում է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերենով և ռուսերենով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Արցախում ռուսերենի պաշտոնական կարգավիճակի նախաձեռնությունը որակում է որպես հետպատերազմական իրողության արտացոլում։ Դժվարանում է ասել, թե օրինագիծը ռուսական կողմի մեծացող ազդեցության հետևանքն է, թե Արցախում ձևավորված քաղաքական նախաձեռնություն։
«Միևնույն ժամանակ հասկանալի է, որ, այո, Արցախում կա խաղաղապահ առաքելությունը, որը հետպատերազմյան հայտնի իրավիճակում ունի իր դերակատարումը ընդհուպ Արցախի կառավարմանն առնչվող հարցերում՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում այդ իրավիճակը։ Եվ ես չեմ բացառում, որ տեխնիկապես առաջացել է այդպիսի անհրաժեշտություն պաշտոնական Ստեփանակերտի և խաղապահների միջև աշխատանքը ավելի արդյունավետ և ավելի սահուն դարձնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Բադալյանի խոսքով, գլխավոր խնդիրը պատերազմից հետո Արցախի հայտնվելն է ռուսական գերազդեցության գոտում։ Նա կարծում է, որ Ռուսաստանը փորձելու է ավելի ամրանալ Արցախում՝ ընդհուպ մինչև այն իր մանդատի տակ վերցնելու նպատակով։ Իսկ Հայաստանն պետք է ամեն ջանք ներդնի նման իրավիճակից խուսափելու համար․ - «Այս հեռանկարը մեզ համար պետք է լինի խորհելու առիթ, և մենք պետք է թույլ չտանք, որ Արցախի հայկական մանդատը դրվի կասկածի տակ»։