Արցախի կառավարությունը հավանություն է տվել ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալուն։ Այս օրենսդրական նախաձեռնությունը կմտնի խորհրդարանի օրակարգ, ուր հավանություն ստանալուց և նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրվելուց հետո կստանա իրավական ուժ։ Ըստ նախագծի՝ ԼՂ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հինգ խմբակցություններից ամենամեծ երեքի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիք»-ի պատգամավորները դեռ նախորդ ամիս հանդես եկան նախաձեռնությամբ՝ փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Լեզվի» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։
Հիմնավորման մեջ նշված է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»։
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, սակայն, առարկություններ ունի և շարունակում է պնդել՝ դեմ է նման ձևակերպմանը, երբ երկու լեզուները հավասարեցվում են։ Ըստ նրա՝ ռուսերենին պետք է կարգավիճակ տալ, սակայն Ղարաբաղում պաշտոնական լեզուն պետք է շարունակի մնալ գրական հայերենը, խմբագրմամբ, որ «կարող է օգտագործվել նաև ռուսերեն»։
«Ինձ համար սա հավասարեցում է երկու լեզուների, այդ պատճառով ես առաջարկել էի այլ խմբագրություն, որտեղ օրենքի ներկայիս մասը մնում է այդ նախադասությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, այնուհետև ավելացվում է, որ կարող է հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը: Այսինքն՝ այս կերպ ինքն ավելի շատ աշխատանքային լեզվի կարգավիճակ է դառնում, քան պաշտոնական և որևէ հավասարեցում չի լինում: Ես նախապես ասել եմ, որ եթե չընդունվեց իմ առաջարկած տարբերակը, ես ուղղակի այդ ցանկից դուրս եմ գալու և ինձ համար էլ ընդունելի չի լինելու այդ ձևակերպումը», - ասաց Հակոբյանը:
Նախագծի հեղինակներից «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը պարզաբանում է՝ լեզուների հավասարեցման մասին խոսք չի գնում, հայերենն առաջնային է լինելու։ Ասում է՝ կլինեն առաջարկներ, կքննարկվեն, չի բացառվում, որ փոփոխություններ կլինեն։
«Մենք չենք պատրաստվում միանգամից անցնել ռուսերենի, մենք ավելի շատ տեխնիկական հարցեր ենք լուծելու: Այսինքն՝ օգտագործելու ենք ըստ անհրաժեշտության, որովհետև գործող նույն օրենքում մենք հոդվածում էլի փոփոխություն ունենք, որտեղ հենց դա է նախատեսվում, որ գործավարությունն, օրինակ, կատարվելու է հայերեն, ըստ անհրաժեշտության նաև ռուսերեն», - ներկայացրեց Հարությունյանը:
Արցախում ռուսերենի պաշտոնականացմանն ուղղված նախաձեռնությունը անհիմն է համարում Արցախի պետական համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Յանա Ավանեսյանը։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հույս ունի, որ առաջիկայում սպասվող քննարկմանը նախագծում որոշակի փոփոխություններ կմտցվեն:
«Նախաձեռնող պատգամավորները որոշեցին, որ կառավարության դիրքորոշումը ստանալուց հետո մեկ հատ էլ պետք է նախագծի վերաբերյալ քննարկում անեն ու հասկանան՝ նախագիծը այն տեսքով, ինչ տեսքով որ հավանության է արժանացել, արդյոք արտահայտո՞ւմ է մեր բնակչության կարիքները, մտքերը: Ես հույս ունեմ, որ դեռևս որոշակի փոփոխություններ կմտցվեն և ռուսերենին նման բարձր կարգավիճակ չի տրվելու զուտ անիմաստ ու հավելյալ ինչ-որ թղթաբանության հետ կապված», - ասաց Ավանեսյանը:
Նախորդ շաբաթ Արցախի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի դասախոսներն ու աշխատակիցներն էին բաց նամակով դիմել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորներին՝ նախաձեռնությունը ոտնձգություն համարելով հայոց լեզվի նկատմամբ. «Հայոց լեզուն հավասարեցնել այլ լեզվի նշանակում է կորցնել ազգային կերպարն ու պետականությունը: Լեզվի դեմ ոտնձգությունը ոտնձգություն է մեր ինքնության դեմ, սպառնալիք ներկայի ու ապագայի հանդեպ»:
Բաց նամակի հեղինակները պահանջել են. «Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ վերապահել միայն պետական լեզվին, այսինքն`հայոց լեզվին: Հայոց լեզվի գերակայությունը բոլորիս պարտքն է, արցախահայության գոյապահպանության հիմնաքարը: Կարելի է ձևակերպել, որ ռուսերենը Արցախի Հանրապետության տարածքում ազգամիջյան հաղորդակցության լեզու է: Առաջարկում ենք ռուսերենը ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում»: