Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Պուտինն այսօր պատվաստվում է կորոնավիրուսի դեմ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում Ռուսաստանում բնակչության պատվաստման հարցով, Նովո Օգարևո, 22 մարտի, 2021թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում Ռուսաստանում բնակչության պատվաստման հարցով, Նովո Օգարևո, 22 մարտի, 2021թ.

Ռուսները պատրաստ են վակցինա տալ Եվրոպային, բայց դեռ չեն պատվաստել իրենց բնակիչների մեծ մասը

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի հեղինակների աստղային ժամն է՝ այսօր պատվաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամիսներ շարունակ կրկնել է, որ նախագահը դեռ չի որոշել, թե երբ է պատվաստվելու, և հենց լինի որոշում՝ հանրությունը կտեղեկացվի: Եվ ահա երեկ Ռուսաստանի ղեկավարը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և բնակչության պատվաստման հարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում հայտնել է իր որոշման մասին:

«Պատվաստումն, իհարկե, յուրաքանչյուր մարդու կամավոր որոշումն է, ի միջի այլոց, ես դա վաղը կանեմ», - ասել է Պուտինը, որի ուղերձի առանցքը ռուսական վակցինաների արդյունավետությունն ու հուսալիությունն էր:

Այստեղ կա մի ինգտրիգ՝ ոչ Պուտինը և ոչ էլ նրա մամուլի քարտուղարը չեն ասել, թե կոնկրետ որ պատվաստանյութը կօգտագործվի:

«Դա կլինի Ռուսաստանում ստեղծված երեք վակցինաներից մեկը՝ Спутник V-ն, ЭпиВакКорона-ն կամ КовиВак-ը»,- պարզաբանել է Պեսկովը, կրկնելով նախագահի այն թեզը, որ ռուսական բոլոր վակցինաները լավն են և հուսալի:

Մեծ թվով երկրների ղեկավարների՝ նախագահների, վարչապետերի, նախարարների պատվաստումը տեսագրվում և ցուցադրվում է հեռուստատեսությամբ, այդպես իշխանությունները ցանկանում են խթանել բնակչության վստահությունը պատվաստվելու գաղափարի և պատվաստանյութի հուսալիության նկատմամբ: Սակայն Պեսկովը նշել է, թե «Պուտինի պատվաստումը հանրային միջոցառման չի վերածվի», այն պարզապես կիրականացվի փակ ռեժիմով, և հանրությունը կտեղեկացվի այդ մասին:

Երեկ Պուտինը խոսել է Դաշնությունում պատվաստման ծրագրի մասին: «Ընդհանուր հաշվով Ռուսաստանում պատվաստվել է 6 միլիոն 300 հազար մարդ, ընդ որում՝ նրանցից 4 միլիոն 300 հազարն ամբողջությամբ է պատվաստվել, այսինքն ստացել է երկրորդ դեղաչափը: Մեր նպատակն է ապահովել հավաքական իմունիտետ, դրա համար պետք է պատվաստվի չափահասների առնվազն 60 տոկոսը, մենք ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Երեկ նա հայտնել է, որ ռուսական կողմն օտարերկրացի գործընկերների հետ կնքել է արտասահմանում ռուսական վակցինայի 700 միլիոն դեղաչափ արտադրելու պայմանագրեր: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը նախևառաջ պետք է ներքին պահանջարկը բավարարի, բայց պատրաստ է վակցինան առաջարկել նաև այլ երկրների:

«Ի դեպ, Եվրոպայում շատերը չգիտեն, որ Ռուսաստանը վաղուց է պաշտոնական հայտ ուղարկել Դեղամիջոցների եվրոպական գործակալություն, դա, ինչպես ինձ առավոտյան զեկուցեց (սոցիալական քաղաքականության հարցերով) փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, տեղի է ունեցել դեռ այս տարվա հունվարի 21-ին: Եվ միայն մարտի 4-ին է եկել հարցի քննարկումը սկսելու մասին պատասխանը: Գիտե՞ք ինչ կասեմ՝ մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, մեզ համար չափազանց կարևոր է արագացնել երկրում պատվաստումների ընթացքը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Եվրոպայում ասում են, թե ռուսական վակցինա հիմա պետք չէ, քանի որ բուն Ռուսաստանում չկան պահանջված ծավալով այն արտադրելու հզորություններ, իսկ մինչև ամառ Եվրամիությունն արդեն կունենա անհրաժեշտ դեղաչափերը:

Իհարկե, ռուսները կարող են հիմա վակցիա ուղարկել Եվրամիություն, բայց դա կլինի սոսկ քաղաքական PR քայլ, քանի որ այդ վակցինայից ռուսաստանցիները կզրկվեն:

Վիճակագրական տվյալները վկայում են, որ ռուսական վակցինայի նկատմամբ եվրոպացիների հոռետեսությունը հիմնավորված է: Խոսքը ոչ թե դրա որակի, այլ արտադրելու իրական հնարավորությունների մասին է:

Չափահասների թիվը Ռուսաստանում մոտ 120 միլիոն է, եթե հավաքական իմունիտետի համար պետք է պատվաստել նրանց 60 տոկոսն, ապա դա կկազմի մոտ 72 միլիոն մարդ, այս պահին ամբողջական պատվաստում ունի ընդամենը 4 միլիոն 300 հազար բնակիչ, դա պահանջված ծավալի մեկ տասնութերորդից էլ քիչ է:

Աշխարհում կորոնավիրուսը դեռ չի նահանջում

Իսկ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 122.5 միլիոնը, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 2 միլիոն 700 հազար մարդ:

Առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 29 միլիոն 815 հազար հիվանդ և ավելի քան 542 հազար 300 մահվան դեպք:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կյանքի միջին տևողությունը գրանցել է ամենամեծ անկումը Երկրորդ աշխարհամարտից ի վեր՝ տղամարդկանց դեպքում 2.5 տարի, կանանց դեպքում՝ 1.6 տարի:

Սուրբ Հարություն կարանտինի պայմաններում

Գերմանիայում «լոքդաունը» երկարաձգել են մինչև ապրիլի 18-ը, կառավարությունը բնակիչներին խնդրում է խուսափել տեղաշարժից, ապրիլի 4-ին Քրիստոսի Հարության տոնն է, կանցլեր Անգելա Մերկելը քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդներին հորդորում է առցանց պատարագներ մատուցել և հնարավորինս սահմանափակել հավատացյալների այցերը եկեղեցիներ:

«Մենք բախվում ենք նույն տեսակի, բայց այլ բնութագրերով վիրուսի հետ, այս մեկն ավելի մահացու է, ավելի վարակիչ»,- ասել է Գերմանիայի կանցլերն, ավելացնելով, որ այսօր ամենակարևոր խնդիրը բնակչության զանգվածային պատվաստումն է:

XS
SM
MD
LG