Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո:

«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - գրել է Փաշինյանը:

Հայաստանի ղեկավարը վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ընտրությունների։ Նախագահ Արմեն Սարգսյանը էլ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրել էր հանդիպման նախագահական նստավայրում՝ քննարկելու առկա իրավիճակը և փոխընդունելի լուծումներ գտնել ճգնաժամը հաղթահարելու համար։ Սակայն հանդիպումը չկայացավ նախագահի առաջարկած ձևաչափով․ նախագահականից հայտնեցին, որ հանդիպումը չի կայանա, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել էին իրենց օրակարգն ու պայմանները:

Արմեն Սարգսյանն առանձին հանդիպումներ ունեցավ վարչապետի, «Իմ քայլը»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարների հետ։ Նախագահի հետ հանդիպումներից հետո «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեցին, որ հնարավոր են համարում համաձայնությունը արտահերթի շուրջ։

Ավելի վաղ՝ մարտի 12-ին, Ծառուկյանը հայտարարել էր՝ վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

XS
SM
MD
LG