Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազի պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու որոշումը:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը, Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։
Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարել էր Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։