Մատչելիության հղումներ

Ըստ նախագահի՝ համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց


Մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, թե հոգաբարձուների խորհրդի երեկվա արտահերթ նիստում խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել, նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաև հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հայտարարում է՝ հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց:

«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել: Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի», - ընդգծել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը անցած ամիս էր հանձնարարել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով։ Իսկ անցած տարեվերջին պահանջել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը հստակ, մանրամասն, թափանցիկ ու հրապարակային հաշվետվություն ներկայացնի։

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։ Աղմուկը բարձրացավ, երբ պատերազմից հետո մամուլում շրջանառվեցին լուրեր, որ կառավարությանը փոխանցված գումարը ոչ նպատակային է ծախսել։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստում որոշել է խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ «Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը», - ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

Արտահերթ ու հեռավար անցկացված նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ, եկեղեցական, հասարակական և բարեգործական կառույցների ներկայացուցիչներ։

Ռոբերտ Քոչարյանը այսօր տարածած հայտարարությունում նշում է, որ վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները իրեն վստահություն չեն ներշնչել։

«Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն», - նշված է հաղորդագրությունում:

Ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում է 52 միլիարդ դրամի ձևակերպումը՝ որպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ Հիմնադրամը, իր հերթին, ըստ Քոչարյանի, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։

Հիմնադրամից չարձագանքեցին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, փոխանցեցին՝ տարածած հաղորդագրությունից զատ այլ մեկնաբանություն չունեն։

XS
SM
MD
LG