Մատչելիության հղումներ

Պատերազմում վիրավորված զինծառայողներն անվճար կպրոթեզավորվեն, խոստանում է «Հայաստան» հիմնադրամը


44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները կապահովվեն անվճար պրոթեզավորմամբ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ հայտնում է, որ մեկնարկել է վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր։ Այն իրականացվում է հիմնադրամի գործընկերների և նվիրատուների միջոցով։ Այս փուլում հատկացվել է 1.5 միլիոն դոլար:

Ծրագրի շրջանակներում հիմնադրամը համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ:

Ըստ հաղորդագրության, այս փուլում Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հիմնադրամը նաև նշում է, որ Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի100 պրոթեզ: Իսկ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի:

Վիրավոր զինվորների աջակցության ծրագրերն ու նախաձեռնություններն այս պահին հիմնադրամի գործունեության առանցքային կետերից ու առաջնահերթություններից են, ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Մենք պատրաստ ենք ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի մեր վիրավոր զինծառայողները հնարավորինս շուտ վերադառնան լիարժեք կյանքի», - նշել է Արշամյանը՝ հավելելով՝ վիրավոր զինվորների վերականգնողական բուժման նպատակով պատերազմից առաջ և հիմա էլ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ շարունակում են նվիրաբերություններ կատարել հիմնադրամին:

Հիմնադրամը հայտնում է, որ հունվարի 23-ին ևս տեղի կունենա դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը:

Նշենք, որ երեկ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտնեց, որ, ըստ իր ստացած տվյալների, անդամահատումների խնդիր ունեցող անձանց թիվը չի գերազանցում 150-ը։

«Նման վիրավորում ստացած վիրավորներին տրամադրվելու են լավագույն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովվելու է նաև այդ պրոթեզների սպասարկումը։ Կառավարությունում ունենք արդեն մեկ որոշում, որով ընթացակարգն ենք պարզեցնում, և անհատական մոտեցում ենք ցուցաբերում ռազմական գործողությունների ընթացքում նման վիրավորում ստացած զինծառայողներին, իրենց կարիքներն ենք գնահատում», - հայտարարեց Ավինյանը։

Վերջնական տվյալները կհրապարակի Պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG