Հայաստանի նախագահի գրասենյակը կառավարությունից դեռ չի ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունը: Արմեն Սարգսյանը, որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դեռ ամսվա սկզբին էր պահանջել հաշվետվությունը, դրանից 12 օր է անցել: Կառավարությունը հաշվետվությունը պետք է ներկայացնի հիմնադրամին, հիմնադրամն էլ` նախագահին:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն «Ազատությանն» ասաց, որ մինչև նախագահի հայտարարությունը իրենք նույնպես մի քանի նամակ են ուղղել Ֆինանսների նախարարություն` կրկին հաշվետվություն ստանալու համար: Դեռ մեկ հակիրճ պատասխան են ստացել, սպասում են ավելի բովանդակայինի. «Հաջորդ նամակով խնդրել ենք Ֆինանսների նախարարությունից, որպեսզի արդեն բովանդակային հաշվետվություն ներկայացնեն, թե այդ գումարները ինչպես են ծախսվել և ծախսվելու ընթացքում»:
Ֆինանսների նախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ նախարարը թեմային անդրադաձել է Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, և որ այս պահին ավելացնելու ոչինչ չունեն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված հանգանակությունները ըստ ֆինանսների նախարարի՝ ծառայել են իրենց նպատակին։ Ջանջուղազյանը խորհրդարանում նշել էր` նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած նոր ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ: Նախարարը նաև ընդգծել էր՝ այդ ծախսերի և պետական բյուջեի այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ի պաշտոնե ներգրավվածությունն ինքնանպատակ չի եղել, առաջին դեմքի կողմից հոգաբարձուների խորհրդի ղեկավարումը նպատակ է ունեցել պետության առջև ծառացած խնդիրների լուծման համար ոչ թե զուգահեռ իրականություն ձևավորել, այլ փոխլրացնող, և այս օրերին հաշվի առնելով ցնցման խորությունը` ակնհայտ է, որ ավելի լավ ճանապարհ Հայաստանին աջակցելու, քան կայացած ինստիտուտների միջոցով միջոցառումները ֆինանսավորելն է, դժվար է պատկերացնել»:
Բայց համահայկական հիմնադրամը դեռ սպասում է պատասխանի, թե օրինակ` որքան գումար ինչ ծրագրի վրա է ծախսվել, որ հետո դա նախագահին ներկայացնի: Հիմնադրամի գործադիր տնօրենն ասաց, որ նաև այս խնդիրները պարզելու համար միջազգային աուդիտորական ընկերություններից մեկը հիմնադրամում աուդիտ է սկսել դեռ նախորդ ամսվանից:
Նախագահի հայտարարությունում նաև ասված էր` միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությունը նվիրատվության ձևով փոխանցած 52 միլիարդ դրամ գումարը պետք է վերաձևակերպի որպես պարտք փոխառության ձևով «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով: Այդպես ըստ նախագահի` կառավարությունը կարող է հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ:
Մամուլը, ի դեպ, գրել էր, որ հիմնադրամին գումարներով պատգամավորներին պարգևավճարներ է տրամադրվել, որ դրանք ոչ նպատակային են ծախսվել, և որ սփյուռքահայերից շատերն իրենց գումարները հետ են պահանջել։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասաց՝ յուրաքանչյուր ամիս նվիրատվություն կատարող շուրջ 4 հազար հոգուց հրաժարվել է մոտ 7տոկոսը. «Նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 26-ը, այսինքն` երբ որ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում հիմնադրամի տարեկան հերթական հեռաստամարաթոնը` տարեկան դրամահավաքը, հավաքագրվեց շուրջ 23 միլիոն դոլար: Նույն ընթացքում Ֆրանսիայի մեր գործընկերները հավաքագրեցին 3 միլիոն դոլար` այս ամեն ինչի ֆոնին: Հիմա արդյոք դա խոսում է վստահության մասին, թե՞ անվստահության մասին: Մամուլում և հատկապես սոցիալական մեդիաներում հայտնված տեղեկատվությունն ավելի շատ տեղեկատվական մանիպուլյացիաների արդյունք է, ինչպես այսօր տեսնում ենք, որ ամենուրեք է դա»:
Նախագահ Արմեն Սարգսյանից բացի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, մի շարք այլ գործող ու նախկին պաշտոնյաներ, սփյուռքահայ բարերարներ։
Հիմնադրամը կառավարությանը գումար փոխանցելու վերաբերյալ խորհրդի 31 անդամներից 29-ին հեռավար հարցում է ուղարկել, այդ թվում նաև Արմեն Սարգսյանին։ Հայկակ Արշամյանն ասաց` 29 անդամից 18-ը կողմ են քվեարկել, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեն եղել։
Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից Yerevan.Today-ին փոխանցել են, որ երկու տարուց ավելի է՝ որևէ հրավեր կամ որոշման նախագիծ Քոչարյանին հիմնադրամից չի ուղարկվել։ Հիմնադրամի փոխնախագահ Արկադի Ղուկասյանն էլ ասել է՝ իրեն չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս հատկացումների մասին։ «Հայաստան» համայակական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ 2008-ից չի արձագանքել հոգաբարձուների խորհրդի նիստերին մասնակցելու հրավերներին և գրություններին, Արկադի Ղուկասյանն էլ 2018-ի հուլիսից է դադարել արձագանքել։