Նախագահի աշխատակազմը երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրի Արտակ Դավթյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու հրամանագրի նախագիծը և չի դիմի Սահամադրական դատարան։
Նախագահի որոշումը փաստացի նշանակում է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով կստանձնի պաշտոնը՝ փոխարինելով վարչապետի հրաժարականը պահանջած Օնիկ Գասպարյանին։
50-ամյա Դավթյանն արդեն մեկ անգամ ղեկավարել է Գլխավոր շտաբը՝ 2018-ի մայիսից մինչև մինչև 2020-ի հունիս, պաշտոնանկ արվեց կարանտինի պայմաններում որդու հարսանիքի պատճառով, երբ արգելված էին մարդաշատ միջոցառումները։
Օրերս նա Պաշտպանության նախարարությունում նշանակվեց հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա, երկու օր առաջ էլ մասնակցում էր բարձրաստիճան զինվորականների ու վարչապետի հանդիպմանը Պաշտպանության նախարարությունում։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ նախագահի դիրքորոշումը պայմանավորում է հավասարություն պահպանելու ցանկությամբ։
«Նախագահ Արմեն Սարգսյանն Օնիկ Գասպարյանի դեպքում՝ առաջնորդվելով չստորագրելու սկզբունքով և թողնելով հանգուցալուծումն իրավունքի ուժով դրույթին, կանխատեսելի էր, որ նույնը կանի Արտակ Դավթյանի նշանակման դեպքում», - ասաց Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ նախագահի այսօրինակ վարքագիծը իրադրությունն ավելի չսրելու ցանկության արդյունք է։
«Նախագահը փորձեց մի կողմից զերծ մնալ ճգնաժամն առավել խորացնելու և լարումն առավել բարձրացնելու քայլերից, այն է՝ վիճարկել Սահմանադրական դատարանում Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության միջնորդության հրամանագիրը, մյուս կողմից իհարկե քայլերը դեպի հանգուցալուծում անել՝ առավելագույնս, այսպես ասենք, չեզոք տրամաբանությամբ, թեև այստեղ իհարկե ընդդիմության գնահատմամբ դա ամենևին չեզոք չէ և Արմեն Սարգսյանը պարզապես չարագացնելով գործընթացը չխանգարեց դրա իրականացմանը», - ասաց Հակոբյանը։
Քաղաքական մենկաբանը ենթադրում է՝ Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը գնում է հանգուցալուծման, նա հիշեցնում է, որ Օնիկ Գասպարյանը հայտարարել է՝ իր պաշտոնանկության հակասահմանադրականությունը կվիճարկի իրավական ճանապարհով։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ այն, որ Գասպարյանն ընտրեց անցնցում և ապաքաղաքկան տարբերակը, ինչպես նաև օրերս Զինված ուժերի հրամկազմի հետ վարչապետի հանդիպումը թույլ են տալիս այդպես մտածել։
«Ինչը միանգամայն ողջունելի է, հիմա պետք է պարզապես աշխատել այլևս բանակից այդօրինակ քաղաքական ռիսկեր թույլ չտալու ուղղությամբ։ Այսինքն՝ ձեռք բերվի էդ համաձայնությունը ռազմական բարձրագույն հրամկազմի և քաղաքական իշխանության միջև։ Պետք է հուսալ, որ Փաշինյան-Գլխավոր շտաբ հանդիպումը նաև այս հարցում իրավիճակի լիցքաթափման հնարավորություն է տալիս», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Բադալյանի խոսքով՝ անվտագության և բանակի արդիականացման խնդիրներն այսօր գերակա են և ցանկացած այլ հարց՝ պետք է ստորադասվի այդ խնդիրներին. - «Ռազմական գործիչների, գեներալ կազմի և քաղաքական ղեկավարության միջև անհամաձայնություններն առավելագույնս չեզոքացնել աշխատանքային գործընթացի համար, այսինքն՝ անկախ էդ անհամաձայնություններից, քաղաքական պատկերացումների տարբերությունից, շարունակել աշխատել փաստացի գերագույն գլխավոր հրամանատար- բարձրագույն հրամկազմ ձևաչափով»։