Մատչելիության հղումներ

Վարչապետը միջնորդել է նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել է նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին։ Այդ մասին «Ազատության»-ը հայտնեցին կառավարության աշխատակազմից։

Նշենք, որ վարչապետն այսօր առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո նա ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ ամռանը Դավթյանը նշանակվել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ:

Հիշեցնենք՝ երբ Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը, շատերն այն համարեցին քաղաքականությանը խառնվելու փորձ։ Պաշտպանության նախարարությունն անթույլատրելի համարեց Զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը, իսկ Արտակ Դավթյանը մեկնաբանելով զինվորականների հայտարարությունը, նկատեց` քաղաքականությանը խառնվել այն չի համարում, գտնում է` եթե արել են, ունեցել են այդ իրավունքը։

XS
SM
MD
LG