Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարում է՝ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։
«Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։
Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական», - ասված է ԶՈւ ղեկավար կազմի հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր տարածած ուղերձում վերահաստատել էր՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Նա նաև տեղեկացրել էր, որ իր պաշտոնանկության հարցը կվիճարկի դատարանում, իսկ գեներալներին, սպաներին և զինվորներին հորդորել էր «շարունակելու անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։