Մատչելիության հղումներ

Ըստ սահմանադրագետի, վարչապետը ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու առաջարկ անելու լիազորություն չունի


Գլխավոր շատբի պետ Օնիկ Գասպարյանը, արխիվ
Գլխավոր շատբի պետ Օնիկ Գասպարյանը, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հրամանագիրը երկրորդ անգամ չստորագրելուց անցել է արդեն երեք օր, սակայն դեռ անհայտ է՝ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ է արվել, թե դեռ շարունակում է աշխատել։ Այդ մասին լռում են և՛ նախագահականը, և՛ կառավարությունը:

Նախագահի աշխատակազմը մեր զանգերն անպատասխան է թողնում, գործադիրից էլ Գլխավոր շտաբի պետի վերաբերյալ հարցերին բանավոր չեն պատասխանում. վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այսօր հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

Գլխավոր շտաբը դեռ մարտի 3-ին էր հայտարարել, թե Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը շարունակում է իր ծառայությունը, գերատեսչությունից հղում էին արել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին։

Քանի որ նախագահը Սահմանադրությամբ սահմանված եռօրյա ժամկետում ոչ ստորագրել է վարչապետի առաջարկը, ոչ էլ այն Սահմանադրական դատարան ուղարկել, որոշ իրավաբաններ, հղում անելով Սահմանադրությանը, մեկնաբանում են, թե Գասպարյանն իրավունքի ուժով պետք է պաշտոնից ազատվի։

Իրավունքի ուժով պաշտոնից նման դեպքերում կարող են ազատվել հենց նույն նախարարները, բայց ոչ Գլխավոր շտաբի պետը, մեկնաբանում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Ըստ նրա՝ վարչապետը Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու առաջարկ անելու լիազորություն չունի։

«Հանրապետության նախագահը շատ ճշգրիտ նշել էր իր պատասխանի մեջ, իր առաջարկության մեջ վարչապետին, որ քանի որ Գլխավոր շտաբի պետը նշանակվում է ֆիքսված ժամկետով, նրան ազատելու լիազորություն վարչապետը չուներ կամ առաջարկ ներկայացնելու լիազորություն վարչապետը չուներ, և այդ առումով վարչապետի առաջարկությունը հակասահմանադրական է: Նախագահը դա ֆիքսել էր, բայց կիսաքայլ արեց՝ ասելով հանդերձ, որ առաջարկը հակասահմանադրական է, նա հրաժարվեց դիմել Սահմանադրական դատարան հենց այդ հրամանագրի սահմանադրականության հարցը վիճարկելու համար», - ասաց Պողոսյանը:

Արմեն Սարգսյանն այդ քայլով, սահմանադրագետի համոզմամբ, կոպտորեն խախտել է երկրի մայր օրենքը։ Վարդան Պողոսյանի խոսքով՝ նախագահը պարտավոր էր Սահմանադրական դատարան ուղարկել հենց վարչապետի առաջարկը, ոչ թե Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։

«Հանրապետության նախագահը չի կարող ասել, որ ես չեմ դիմում Սահմանադրական դատարան և դա իմ հայեցողությունն է: Ոչ, դա նրա պարտականությունն է դիմելու Սահմանադրական դատարան: Դրանով Հանրապետության նախագահը կոպտորեն խախտել է Հայաստանի Սահմանադրությունը», - ընդգծեց Պողոսյանը:

Սահմանադրագետը նկատում է՝ եռօրյա ժամկետն ավարտվել է, և նախագահն այլևս հնարավորություն չունի կոնկրետ այդ հարցով դիմել բարձ դատարան, որի պատճառով էլ, կարծում է, իրավական փակուղի է առաջացել։

«Մենք արդեն բավական երկար ժամանակ է՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ որ իշխանությունների մեղքով երկիրը հայտնվում է սահմանադրական փակուղիների մեջ, հիմա մենք նորից ականատես ենք դրան: Եթե իշխանությունները հայտարարեն, որ Գլխավոր շատբի պետն այլևս Գլխավոր շտաբի պետ չէ, ապա նա դեռևս իրավական մի հնարավորություն ունի դիմելու վարչական դատարան վիճարկելու այդ ակտը: Բայց նորից եմ կրկնում՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերը Հանրապետության նախագահը խախտել է, և այդ խախտման հետևանքով է, որ մենք հայտնվել ենք նման իրավիճակի առջև», - ընդգծեց Վարդան Պողոսյանը:

Իսկ արդյոք Օնիկ Գասպարյանը պատրաստվո՞ւմ է դիմել դատարան՝ վիճարկելու իրեն պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը, Գլխավոր շտաբից չհաջողվեց պարզել։ Երեկ հայտնի դարձավ, որ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ իրեն պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG