Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմի ընթացքում, իսկ պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։
«Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին, մենք բոլորին վերադարձրել ենք։ Ընդ որում վերադարձրել ենք ավելի վաղ, քան մեզ են վերադարձրել։ Այդ մարդիկ [ներկայումս Ադրբեջանում պահվողները] այդ կատեգորիային չեն համապատասխանում՝ այդ ահաբեկիչները և դիվերսանտները, և ցանկացած շահարկում Հայաստանի կամ այլոց կողմից տեղին չէ», - արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությամբ Երևանն ու Բաքուն պարտավորվել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնել բոլոր գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։