Մատչելիության հղումներ

Ամերիկան պետք է զսպի ադրբեջանա-թուրքական ագրեսիան, հայտարարում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը


Ամերիկան պետք է զսպի ադրբեջանա-թուրքական ագրեսիան, հեռակա դիմելով նորընտիր Ջո Բայդենի վարչակազմին, հեղինակավոր Newsweek ամսագրում գրել է Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Փաստելով, որ նորընտիր Բայդենի վարչակազմը խոստանում է ընդլայնել Ամերիկայի դիվանագիտական ազդեցությունը, պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, Հայաստանի դեսպանն ընդգծում է` «մենք հուսով ենք, որ ավելի շատ ուշադրություն կդարձվի նաև Լեռնային Ղարաբաղի փխրուն իրավիճակին»:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը` Միացյալ Նահանգները վերջերս կոչ արեց հասնել Արցախյան խնդրի «բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը»: Մենք ողջունում ենք այս կոչը, բայց, եթե Թուրքիան և Ադրբեջանը պատասխան չտան իրենց ագրեսիայի համար, նրանք սխալ դասեր կքաղեն այս հակամարտությունից», - պնդում է Վարուժան Ներսեսյանը, մանրամասնելով, - «Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, արհամարհեց ԱՄՆ-ի խաղաղարար դերակատարությունը՝ ցույց տալով իր արհամարհանքը միջազգային ամենահիմնարար նորմերի նկատմամբ»:

«Ադրբեջանական բանակը պատերազմի ընթացքում շարունակաբար թիրախավորում էր հիվանդանոցները, շուկաներն ու եկեղեցիները, օգտագործում արգելված քիմիական զենքեր` քաղաքացիական բնակավայրերի դեմ, իսկ հրադադարից հետո ադրբեջանցի զինվորները սկսեցին սոցիալական ցանցերում տարածել հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու կտտանքների տեսանյութերը», - նշել է դեսպանը:

Ադրբեջանից բացի Հայաստանի դեսպան Ներսեսյանը նաև Անկարային է քննադատել. «Ադրբեջանը դարձնելով գործիք` Թուրքիան բացահայտ խոստովանեց, որ տապալում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահությամբ ընթացող բանակցային գործընթացը, հօգուտ Ադրբեջանի գործի դրեց Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգն ու ամերիկյան F16 կործանիչները, ինչպես նաև արդարացիորեն քննադատվեց արևմտյան կառավարությունների ու հեղինակավոր լրատվամիջոցների կողմից` սիրիացի գրոհայիններին հավաքագրելու և հակամարտության գոտի տեղափոխելու համար»:

«Տևական խաղաղությունն անհնար է, եթե Ադրբեջանն ու Թուրքիան անպատիժ մնան: Նրանք կշարունակեն իրենց ագրեսիան հայերի և մյուսների հանդեպ», - պնդել է Նահանգներում Հայաստանի լիազոր դեսպան Վարուժան ներսեսյանը:

Ամերիկայում և ողջ աշխարհում ապրող հայերը հույս ունեն, որ Միացյալ Նահանգները սկզբունքային դեր ստանձնի` աջակցելով հակամարտության համապարփակ ու քաղաքական կարգավորմանը, պնդել է դիվանագետը, կրկնելով հրադադարից հետո Երևանից հնչող պնդումը` հակամարտությունը չի կարգավորվի, քանի դեռ չի լուծվել դրա հիմքում ընկած խնդիրը` կարգավիճակի հարցը: Դրա համար, ըստ Ներսեսյանի, Վաշինգտոնը կարող է մի շարք քայլեր անել:

«Նախ, Ամերիկան պետք է մեզ հետ միասին պահանջի Ադրբեջանից առանց նախապայմանների վերադարձնել մոտ 200 ռազմագերիներին: Առանց այս մարդասիրական քայլի երկխոսությունն ու բանակցությունները չեն կարող հաջողել: Երկրորդը, Բայդենի վարչակազմը կարող է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանի զինված ուժերին», - գրում է դեսպան Նեսեսյանը, մանրամասնելով, - «2018-ին և 2019–ին Թրամփի վարչակազմը ավելի քանի 100 միլիոն դոլարի ռազմական և անվտանգային աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, միջոցներ, որոնք ամենայն հավանականությամբ, օգտագործվել են հայ զինվորների և քաղաքացիական անձանց դեմ: Ավելին, պետք է մերժվեն դեպի Ադրբեջան և Թուրքիա սպառազինություն արտահանման արտոնագրերը, Էրդողանի և Ալիևի կառավարությունների դեմ էլ պետք է գլոբալ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ սահմանվեն»:

Հնարավոր քայլերի շարքը, սակայն, այսքանով չի սահմանափակվում: Հայաստանի դեսպանը նշում է` «Կոնգրեսը պետք է հետևի Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների և մի շարք եվրոպական խորհրդարանների օրինակին, որոնք քվեարկվել են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի օգտին: Եվ վերջապես, Միացյալ Նահանգները պետք է ընդդիմանա Թուրքիայի ցանկացած դերակատարության խաղաղության պահպանմանը կամ` կարգավորման բանակցություններին: Միջազգային հանրությունը չի կարող պարգևատրել Անկարային բացահայտ ագրեսիայի համար, որը խարխլում է միջազգային մանդատ ստացած խաղաղ գործընթացը»:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` կոչ ենք անում ԱՄՆ-ին սատարել Լեռնային Ղարաբաղի տարածքների ազատագրմանը, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից, հնարավորություն տալով Արցախի տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ: Եթե Ադրբեջանին և Թուրքիային թույլ տրվի իրենց ձեռքը վերցնել Մինսկի խմբի գործընթացը, և ուժի գործադրմամբ տարածաշրջանի անվտանգային կառուցվածքը շեղել իրենց զավթողական նկրտումների ուղղությամբ, նրանք կանգ չեն առնի», զգուշացրել է Հայաստանի դեսպանը, հավելելով, - «Նահանգները պետք է զսպի Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը` միջազգային նորմերով, տնտեսական ու դիվանագիտական միջոցներով: Հակառակ դեպքում աշխարհը կդառնա առավել վտանգավոր`բոլորի համար»:

XS
SM
MD
LG