Մատչելիության հղումներ

Վարչապետը վստահեցնում է՝ կա հույս և համոզմունք, որ գերիների խնդիրները կլուծվեն


Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։

Վարչապետն Ադրբեջանի այս պահվածքը տեղին չի համարել մի պարզ փաստի բերում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

«Նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց», - ասաց Փաշինյանը:

Ընդգծելով, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավարությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է, որպեսզի հնարավորինս արագ լուծում տա այդ հարցին:

Դիտարկմանը, թե հայկական կողմը պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում է անթերի, մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը և հարցին, թե «ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով», Փաշինյանը պատասխանել է․ - «Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»:

Վարչապետն ասել է, որ մշտական կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն:

Նշենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ գերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69-ը։

XS
SM
MD
LG