Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները մանիպուլյացիա ու ծաղր են որակում հայրենադարձված գերիների մասին Փաշինյանի հայտարարությունը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Վարչապետի հայտարարությունն այս պարագայում ես կարծում եմ` հերթական մանիպուլյացիա է, ուղղակի մանիպուլյացիա, որն անթույլատրելի է: Գերիների հարցում որևէ մեկի, որևէ մեկի մանիպուլյացիան անթույլատրելի է և անբարոյական է», - ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Եվ ընդհանրապես բարոյական չէ գերիների մասին խոսել քանակով, տոկոսով, մեկ քաղաքացի էլ գերեվարված լիներ, նրա հարցը պետք է լուծվեր ջանասիրաբար, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ հնչել է երեկ խորհրդարանական ամբիոնից:

«Հայաստանի Հանրապետությունից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստանի Հանրապետություն չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո», - ասել էր Փաշինյանը:

«Փաստացի գործողություններն ավելի քիչ են, աջակցությունն այս հարցի լուծմանը շատ ավելի քիչ է, քան իրականում շահարկումները երկու կողմից էլ, երկու կողմերն էլ չափերն սկսում են անցնել, որովհետև գերիների հարցն այնքան նուրբ հարց է, այստեղ պետք է այնքան նրբազգաց լինել, այնքան զգուշավոր լինել, որպեսզի փաստացի յաթաղանի տակ գտնվող այսօր մեր հայրենակիցների գլխից մի մազ չպակասի», - ասում է իրավապաշտպանը:

Երբեք այնքան գերի չի վերադարձվել, որքան նոյեմբերից հետո, Նիկոլ Փաշինյանի այս պնդումը սխալ է, գրում է Media.am կայքը: Դեռևս ամռանն էր Media.am-ի հեղինակն ուսումնասիրություն կատարել` հիմնվելով նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունների բազաների վրա։ 1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։ Այնինչ հայկական կողմը տվյալներ ունի շուրջ 200 գերեվարվածների վերաբերյալ։

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր լրագրողների խնդրանքով փորձել է բացատրել, թե ինչ նկատի ուներ վարչապետը. «Փորձում են համեմել այլ երանգներով և ներկայացնել, այո չենք ունեցել նման քանակությամբ գերիներ, և տրամաբանորեն է, որ այստեղ խոսքը գնում էր ոչ թե ծավալների մասին, այլ գործընթացի շարունակականության մասին»:

Վարչապետի հայտարարությունն իրականության հետ կապ չունի և ունի երևի քաղաքական նպատակ, ասում է Եվրոպական դատարանում մի խումբ հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը. «Ծաղրի տարր եմ տեսնում. Հայաստանը 2016 թվականի պատերազմի ընթացքում գերիներ չի տվել, ուստի գերիների փոխանակման խնդիր չի եղել, և Հայաստանը երբևիցե միջնորդ երկրի ներգրավմամբ չի ներգրավվել բանակցությունների, որտեղ ստորացուցիչ պայմաններով պայմանագիր ստորագրի: Իհարկե, մենք ունեցել ենք սահմանային միջադեպեր, բայց դրանք գերության ինստիտուտի գործ չունեն, որովհետև գերեվարումը կոնֆլիկտի հետևանք է»:

Արցախի առաջին պատերազմից հետո քանի հոգի է գերեվարվել, և քանիսն են Հայաստան վերադարձվել, ամբողջական տվյալներ չկան, քանի որ այդ տարիներին պետական համակարգված աշխատանք չի կատարվել, հարյուրավոր ռազմագերիներ փոխանակվել են կոնկրետ ռազմական գործողությունից անմիջապես հետո հենց հրամանատարական կազմի միջոցով. «90-ական թվականներին թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը քանդված պետություններ են եղել, այստեղ ինստիտուտներ չեն գործել, և կարող էր մեծ լինել դաշտային հրամանատարի դերը», - ընդգծում է Սահակյանը:

Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հանձնաժողով Հայաստանում սկսել է գործել 2001 թվականից, ի պաշտոնե այն ղեկավարում էր պաշտպանության նախարարը, իսկ աշխատանքային խումբը 12 տարի գլխավորել է Արմեն Կապրիելյանը։ «Մեր առաջին գործը տվյալների հավաքագրումն ու կենտրոնացումն էր,- ասում է Կապրիելյանը, - Մոտ երկու տարի անց ունեցանք մեկ ամբողջական ցուցակ, և ընդհանուր առմամբ Հայաստանից և Արցախից անհետ կորածների թիվը մոտ հազարն էր»:

Ըստ Կապրիելյանի՝ այդ հազար հոգուց միայն հարյուրի վերաբերյալ ունեին տեղեկություններ, որ հնարավոր է՝ գերեվարված են. «2006-ից 2018 թվականը, 4 տասնյակից ավելի գերիներ ենք վերադարձրել»:

Գերիների վերադարձի հարցն ամրագրված է նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ։ Գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» քաղաքական պայմանավորվածության մասին հայտարարվեց դեկտեմբերի սկզբին։ Հունվարի վերջին դեռ անորոշ է Ադրբեջանում գտնվող շուրջ 200 հայ գերիների ճակատագիրը: Նրանց զգալի մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել էլ չի կարողանում, Բաքուն թույլ չի տալիս։

Վարչապետի երեկվա հայտարարությունը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համարում է հուսահատեցնող: «Փնտրել նվաճումներ այնտեղ, որտեղ միայն ողբերգություն է, արտասուք և տառապանք», - Ֆեյսբուքում գրել է նա։

XS
SM
MD
LG