Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը գերիների վերաբերյալ նոր արտահերթ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր գերիների վերաբերյալ նոր արտահերթ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Զեկույցում ներկայացվում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, նվաստացնելով և այլն: Օմբուդսմենն ընդգծում է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում:

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանն առայսօր ապակառուցողական, հանցավոր վարք է դրսևորում, ինչի հետևանքով բազմաթիվ հայ քաղաքացիական անձանց ու զինծառայողների ճակատագրերը պարզ չեն։

«Ոմանց ճակատագրերը պարզ են, որ նրանք գերեվարված են և գտնվում են ադրբեջանական բանտերում։ Բայց Ադրբեջանը փորձում է նրանց ներկայացնել ահաբեկիչներ, պաշտոնապես չի հաստատում նրանց ներկայությունը, այնտեղ գտնվելը՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների։ Եվ այս մասով, բնականաբար, պետությունը մեծ անելիք ունի, բնականաբար, պետությունը պետք է բոլոր հնարավոր լծակները կիրառի», - հավելում է Բեգլարյանը։

Վերջին օրերին Ադրբեջանն ակտիվ շրջանառում է այն թեզերը, թե գերեվարվածները ահաբեկիչներ են, դիվերսանտներ, պատերազմից հետո Խծաբերդի մարտական դիրքերից գերեվարված պահեստազորայիններն այս թվում։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծում է, որ եթե Ադրբեջանը 62 հայ գերիներին անվանում է ահաբեկիչ և ՄԱԿ-ի հարթակում նրանց ներկայացնում որպես դիվերսիոն խմբերի անդամներ, ապա կարող է հայտնվել փակուղու առջև, քանի որ դիվերսիան իրավական հիմք չունի․ - «Ադրբեջանը պետք է արդեն մտնի փնտրտուքների մեջ՝ գտնելու համար իրավական հիմք, փաստական հիմքեր։ Չկան նման հիմքեր։ Մենք գիտենք, որ այդ տղաները ահաբեկիչներ չեն, նրանք օրինական, այլ ոչ թե անօրինական զինված ուժերի ներկայացուցիչներ են, ինչը արդեն իսկ վերացնում է նրանց ահաբեկիչ լինելու իրավական հիմքերը։ Ուստի ադրբեջանցիները ի՞նչ պետք է անեն։ Պետք է անեն այն, ինչ միշտ էլ մինչև հիմա արել են՝ պահեն բացարձակ մեկուսացման մեջ այդ մարդկանց, նրանցից կորզեն ցուցմունքներ, որ այդ մարդիկ ահաբեկիչներ են, որպեսզի դրանով ստեղծեն իրավական հիմքեր։ Հայաստանի կառույցներն էլ փաստերի ուժով, ինչպես ես արդեն մի քանի անգամ նշել եմ, պետք է կոտրեն այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալի համար, որ դրա նպատակը բացարձակապես քաղաքական է։ Այն է՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից զինվորները ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում, և դրանով թուլացնեն Արցախի պաշտպանությունը»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու փոխանցմամբ՝ թեև հոկտեմբերի վերջից Բաքվի իրենց գործընկերները այցելել են հայ ռազմագերիներին, սակայն ամբողջական ցանկ չունեն, թե հստակ քանի հոգի է պահվում Ադրբեջանում։ Մինչև օրս Հայաստան է վերադարձվել 54 գերի, բայց հայկական կողմի համոզմամբ՝ Ադրբեջանում պահվողների թիվը մոտ չորս անգամ ավելի է։

«Անկախ նրանից, որ մենք չենք հրապարակում տվյալներ գոնե այն անձանց մասին, որոնց մենք այցելում ենք, տեսակցում ենք՝ իրենց հարազատների հետ մենք ուղղակի կապի մեջ ենք, և նրանք գիտեն, թե մենք երբ ենք տեսակցել իրենց հարազատին, փոխանցել ենք իրենց կողմից նամակ կամ որևէ լուր։ Եվ այս առումով կապը անմիջապես ընտանիքների հետ առկա է և շարունակական», - նշեց Ամատունին։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանի խոսքով՝ անթույլատրելի է, որ գերիների վերադարձի համար հստակ ժամկետներ չեն նշվել․ - «Առնվազն պետք է հստակ սահմանված լիներ, որ անհապաղ պետք է վերադարձվեն։ Չնայած դա միջազգային իրավունքի պահանջ է, բայց, կարծում եմ, հայտարարության մեջ պետք է հստակ ձևով ֆիքսվեր, որպեսզի այսպիսի խնդիր չունենայինք, արդեն չկապվեր որևէ քաղաքական պրոցեսների հետ»։

Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ եռակողմ հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում է քաղաքական նպատակահարմարությանը։ Նրա խոսքով, Մոսկվայում օրեր առաջ երեք երկրների ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունում անգամ հրատապ համարվող ռազմագերիների խնդրի վերաբերյալ որևիցե մոտեցում չարձանագրվեց․ - «Սա ցույց է տալիս, որ, ինչպես տարիներ շարունակ է օգտագործվել Իլհամի կողմից և իշխանության կողմից Ադրբեջանի, ռազմագերիների, անհայտ կորածների, այս դեպքում նաև զոհվածների մարմինների փնտրման, փոխանակման, վերադարձնելու այս աշխատանքները, որպես մարդասիրական միջազգային իրավունքի, դրանք ստորադասվում են քաղաքական նպատակներին, դարձնում են որպես գործիք՝ ճնշում գործադրելու համար հայկական կողմի վրա»։

XS
SM
MD
LG