Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողների ծնողներն անվտանգության երաշխիքներ են պահանջում


Այսօր առավոտից Ղարաբաղում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքի մոտ։

Նրանց որդիները ծառայությունից արձակուրդ են եկել, սակայն ըստ ծնողների, չեն կարողացել հետ գնալ Արցախ և ժամանակավորապես Երևանում են։ Ծնողները մտահոգություններ ունեն կապված Արցախ տանող ճանապարհի անվտանգության հետ և պահանջում էին հստակ տեղեկություն ու անվտանգության երաշխիքներ։ Ոմանք պահանջում էին նաև, որ ժամկետային զինծառայողներին ընդհանրապես Արցախ չուղարկեն։ Նրանք նաև փակել էին ռազմական համալսարանից ելքը՝ թույլ չտալու համար, որ զինվորներով ավտոբուսները դուրս գան։

«Եկել ենք իմանանք՝ մեր երեխաների ճակատագիրը՝ ուր են տանելու, ինչ է լինելու», - ասաց հավաքվածներից մեկը:

Ծնողների մի մասը ներս գնաց՝ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու, սակայն դուրս գալով նշեցին, որ իրենց մտահոգությունները փարատված չեն։

«Ասացին տանելու են երեխաներին, էդքան բան: Վտանգավոր չի, ասում են, ճանապարհը: Միացրեցին Պաշտպանության նախարարության ինչ-որ գեներալի հետ, ասաց՝ մենք էդքան հիմար չենք, ոո երեխաներին տանենք վտանգավոր տեղ, ամեն ինչ լավ է, նորմալ է», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Ավելի ուշ ռազմական համալսարանից դուրս եկան ներսում կայանած ավտոբուսները, սակայն դրանք դատարկ էին։ Զինվորների ծնողների մի մասը շարունակում են մնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ, սպասելով հստակ տեղեկության, թե երբ և ուր են տանելու իրենց որդիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG