Մատչելիության հղումներ

Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է, հայտնում է Արցախի ՊԲ-ն


Ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է», - նշված է հայտարարությունում:

Արցախի ՊԲ-ն նաև նշում է, թե «ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ»:

«Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել», - նաև նշված է հաղորդագրությունում։

Ըստ Պաշտպանության բանակի, նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները «նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը»:

Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։

Արցախի ՊԲ-ն խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։

XS
SM
MD
LG