Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը երեքշաբթի հայտարարեց համահայաստանյան գործադուլի ու դասադուլի օր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի հրավիրած երթն այսօր մեկնարկեց Երևանի կրկեսի դիմացից: Այն կանգ առավ գլխավոր դատախազության շենքի դիմաց, ինչից հետո երթը շարունակվեց: Ակցիայի մասնակիցները կանգ առան ոստիկանության դիմաց ևս:

Այնտեղ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին հորդորեց չկատարել իշխանությունների հրամանը և ժողովրդի իրավունքները ոտնահարող քայլեր չանել, ինչից հետո ընդդիմադիրները շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր ավելի վաղ արած հայտարարությանը, թե պատրաստակամ է հրաժարական տալ, բայց այժմ Արցախն, ըստ էության, դրան պատրաստ չէ, ասաց, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է նաև նա. «Արցախի նախագահը Նիկոլ Փաշինյանի փոքրիկ մակետն է: Նա կրկնում է նույն այն քայլերը, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը: Եթե ինքը հայտարարում է, որ պատերազմի ընթացքում եղել են փուլեր, երբ հնարավոր էր կանգնեցնել, ունենալ առավել քիչ զոհեր և տարածքային կորուստներ, և այդ ժամանակ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն տվել է անօրինական հրահանգներ, ինքն այդ մասին չի խոսել, լռել է, ուրեմն նույնպիսի պետական դավաճանության հոդվածով պիտի քննվի Արայիկ Հարությունյանը»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի` այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հնչեցրած այն հայտարարությանը, թե ինքը երբեք ընտրություն չի կեղծել, ո՞րն է այդ դեպքում պատճառը, որ ընդդիմադիրները չեն ցանկանում, որ նրա իշխանության օրոք կայանան արտահերթ ընտրություններ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը ընտրություն չի կեղծել, այո, բայց Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը, Նիկոլ Փաշինյանը հանձնել է թուրքին, Նիկոլ Փաշինյանն անձնապես մեղավոր է 5 հազար և ավելի երեխաների մահվան համար: Նիկոլ Փաշինյանը մեղավոր է 10 հազար և ավելի խեղված … երեխաների համար, Նիկոլ Փաշինյանը մեղավոր է նրա համար, որ հենց հիմա` անգամ իր դավաճանական ստորագրած փաստաթղթից ամիս և 10 օր անց, թուրքը շարունակում է Արցախում գերեվարել մեր զինվորներին: Նիկոլ Փաշինյանը թող դադարեցնի իր դեմագոգիան, Նիկոլ Փաշինյանը մեղավոր է շատ ավելի ծանր պետական հանցագործություններում»:

Արդեն Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը հայտարարում է իրենց պայքարի ամենավճռական օրը: «Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների և անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին», - ասաց Սաղաթելյանը` այս օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով:

«Երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ից հայտարարում ենք համազգային գործադուլ և դասադուլ», - նշեց նա։

XS
SM
MD
LG